Շոու-բիզնեսի աշխարհի ամենասկանդալային ապահարզանը. Բեյոնսեն եւ Ջեյ Զին ամուսնալուծվում են

12:04   23 մայիսի, 2014

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ լուրեր էին պտտվում Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ամուսնալուծության շուրջ: Ադրիանա Լիմայից եւ Մըրայա Քերիից հետո ամուսնալուծվածների շարքերը կարող է համալրել նաեւ Բեյոնսեն: Պարզվում է՝ Ջեյ Զին անընդհատ դավաճանում է երգչուհուն:

Հիմա ամուսինները պատրաստվում են հայտնիների շրջանում ամենաթանկ ապահարզանին: Life&Style-ը պնդում է, որ ամուսնալուծությունը նրանց մեկ միլիարդ դոլար կարժենա: Գլխավոր հարցը մնում է դստեր՝ Բլյու Այվիի խնամակալության հարցը:

Բաժանման մասին լուրը հաստատվել էր այն փաստով, որ Բեյոնսեն մատնեմատից հեռացրել էր հռոմեական IV թվի դաջվածքը, որը նա արել էր ամուսնու պատվին. Ջեյ Զին ծնվել է դեկտեմբերի 4-ին, իսկ նրանց հարսանիքը կայացել է ապրիլի 4-ին:

«Դրախտում ամպրոպ է ճայթել: Ամուսնալուծությունն անխուսափելի է: Այդ հենց Բեյոնսեն է ուզում: Բոլորին թվում է, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին կատարյալ զույգ են: Բայց իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է մարդկանց»,- ասել է պարբերականի աղբյուրը:



© NEWS.am STYLE