Նամակ խմբագրությանը. ցանկանում եմ մոդել դառնալ, բայց հայրս դեմ է

22:02   27 մայիսի, 2014

Ես մանկությունից երազում եմ մոդել դառնալու մասին: Երբ դեռ փոքր էի, հարազատներիս համար «ցուցադրություն» էի կազմակերպում, եւ որքան մեծացա, այնքան մոդել դառնալու ցանկությունն ամրապնդվեց: Դրա համար ունեմ անհրաժեշտ բոլոր տվյալները. բարձրահասակ եմ, սլացիկ, պատկերացում ունեմ նորաձեւության մասին: Ինձ նույնիսկ ընդունել են երեւանյան մոդելային գործակալություններից մեկում:

Բայց խնդիրն այն է, որ հայրս կտրականապես դեմ է: Սկզբում կարողանում էի թաքցնել, որ գործակալություն եմ գնում: Սակայն վերջերս հայրս իմացավ այդ մասին եւ սկանդալ բարձրացրեց: Նա հայտարարեց, որ եթե ես շարունակեմ այնտեղ գնալ, կարող եմ տուն չվերադառնալ: Փորձում էի բացատրել, լաց էի լինում, խնդրում էի, բայց նա անդրդվելի մնաց:

Հայրս պահպանողական հայացքներ ունի: Նա վստահ է, որ բոլոր մոդելները թեթեւաբարո աղջիկներ են: Նրա խոսքով, եթե ես սկսեմ մոդել աշխատել, ապա անդառնալիորեն կփչացնեմ հեղինակությունս:

«Դու ուզում ես, որպեսզի ամբողջ Երեւանը խոսի, որ իմ աղջիկը փչացա՞ծ է»: Այսպիսին է նրա պատասխանը իմ բոլոր փաստարկներին: Ես փորձում են նրան բացատրել, որ ժամանակները փոխվել են, որ ամեն ինչ կախված է նրանից, թե աղջիկն իրեն ինչպես կդրսեւորի: Ի վերջո, ինձ համար վիրավորական է, որ հայրս ինձ չի վստահում: Բայց ցավոք, մենք չենք կարողանում հանգիստ խոսել, բավական է ես այդ մասին ակնարկեմ, նա անմիջապես սկսում է գոռալ ու նյարդայնանալ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ Երեւանում չեմ կարող մոդելի լուրջ կարիերա ստեղծել, բայց ի՞նչ վատ բան կա, եթե ընդամենը փորձեմ: Գոնե կարճ ժամանակով կիրականացնեմ երազանքս: Անկեղծ ասած, ծնողներիցս գաղտնի շարունակում եմ գործակալություն գնալ: Բայց որքա՞ն կարող եմ թաքցնել: Եվ հետո, ինձ համար տհաճ է ամեն անգամ ստելն ու հորինելը: Ես շատ եմ սիրում ծնողներիս, հորս, բայց նրանք հայացքներով անցյալում են մնացել: Ինչպե՞ս բացատրեմ, որ ամեն ինչ փոխվել է:

Շատ երիտասարդ աղջիկներ հիմա շատ ավելի վատ բաներ են անում: Մի՞թե ծնողներիս պահպանողական հայացքների պատճառով ստիպված եմ լինելու հրաժարվել իմ երազանքից: Առավել եւս, որ այդ չի ազդելու ուսմանս, շրջապատիս վրա: Հայրս շատ խիստ մարդ է: Չնայած 18 տարեկան եմ, նա ինձ թույլ չի տալիս երեկոյան 8-ից ուշ տուն գալ, խիստ հետեւում է կիսաշրջազգեստիս երկարությանը, իսկ դիմահարդարումս նրան ընդհանրապես դուր չի գալիս: Բայց չէ՞ որ արդեն մեծ եմ: Ինչպե՞ս կարող եմ նրան բացատրել, որ ինձ չհասկանալով՝ նա հեռացնում է ինձ: Չէ՞ որ նա նույնպես երիտասարդ է եղել, եւ վստահ եմ, որ շատ հիմարություններ է արել: Երբ ես փորձում եմ նրան բացատրել այդ, նա ընդամենը մեկ փաստարկ է բերում. «Ես տղամարդ եմ»: Եվ վերջ, սովորաբար քննարկումն այսքանով ավարտվում է: Ես դրանից շատ եմ բարկանում: Այդ շատ անազնիվ ու անարդար է: Ես ցանկանում եմ իմ կյանքով ապրել, սխալներ թույլ տալ, ցանկանում եմ իրականացնել երազանքներս: Ինչպե՞ս կարող եմ այս ամենը բացատրել հայրիկիս: Ի՞նչ կարող եմ անել:

Նարե Վ.



© NEWS.am STYLE