Ուկրաինական սկանդալային լրագրողը հարձակվել է Բրեդ Փիթի վրա

11:25   29 մայիսի, 2014

Լոս Անջելեսում կայացել է «Մալեֆիսենթ»-ի պրեմիերան՝ Անջելինա Ջոլիի գլխավոր դերակատարմամբ: El Capitan կինոթատրոնի մոտ կարմիր գորգին Բրեդ Փիթի վրա հարձակվել է ուկրաինական սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկը:

Ըստ The Daily Mail-ի, Սեդյուկը ներխուժել է արգելապատնեշի վրայով, շրջանցել Փիթի յոթ թիկնապահներին եւ հարձակվել դերասանի վրա: Սեդյուկը հասցրել է հարվածել արտիստին, ինչից հետո թիկնապահները բռնել են նրան:

Որոշ ժամանակ անց Սեդյուկին տեսել են երկու ոստիկանների ուղեկցությամբ: Տեղի իրավապահների փոխանցմամբ, լրագրողին ձերբակալել են գործողություններով վիրավորելու համար:

Փիթի վրա հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Անջելինա Ջոլին կարմիր գորգի մեկ այլ հատվածում ողջունում էր երկրպագուներին:

Հիշեցնենք, որ սա Սեդյուկի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ: Կաննում լրագրողը փորձել էր դերասանուհի Ամերիկա Ֆերրերայի շրջազգեստի տակ մտնել:

Լուսանկարները՝ Getty-ի, GSI-ի, AKM-ի, Splas-ի



© NEWS.am STYLE