25-ամյա միանձնուհին դարձել է իտալական «Ձայնի» հաղթող

12:34   6 հունիսի, 2014

Սիցիլիացի 25-ամյա միանձնուհի Քրիստինա Սկուչչիան հաղթել է իտալական «Ձայնը» նախագծում. հաղորդում է BBC-ն։

Մարտին կայացած կույր լսումների փուլում միանձնուհին պարզապես ցնցել է ժյուրիի անդամներին իր կատարումով՝ երգելով Ալիշա Քիսի «No One» երգը (ելույթը ավելի քան 50 միլիոն դիտում է ունեցել YouTube-ում)։

Քրիստինան, ով մեկ ամիս առաջ շոուի ընթացքում երգել է Քայլի Մինոուգի հետ, նշել է, որ նա նախագծին չի մասնակցում կարիերա ստեղծելու համար, այլ «ուղերձ հղելու»։

Ի դեպ, Քրիստինայի ելույթը գրավել է նաեւ դերասանուհի Վուպի Գոլդբերգի ուշադրությունը, ով «Գործիր, քույր» ֆիլմում մարմնավորել է երգչուհի-միանձնուհու։

«Եթե դուք ցանկանում եք տեսնել քույրին գործողության մեջ, նայեք սա», -գրել է դերասանուհին Թվիթթերում՝ տեղադրելով Սկուչչիայի կատարման հոլովակը։

 



© NEWS.am STYLE