Նամակ խմբագրությանը. «Ինչու ես երբեք Հայաստանից չեմ մեկնի Ռուսաստանում ապրելու»

21:04   11 հունիսի, 2014

NEWS.am STYLE-ի խմբագրությունը շարունակում է հրապարակել իր ընթերցողների նամակները: Եթե դուք ասելիք ունեք որեւէ թեմայի շուրջ, կարող եք գրել մեզ ([email protected]), եւ մենք կհրապարակենք ձեր նամակը: Միաժամանակ, կկարողանաք ստուգել, մեզ իրական, թե կեղծ հեղինակներ են գրում, ինչի մասին մենք բազմիցս կարդում ենք նամակների մեկնաբանություններում: Այս նամակը հրապարակում ենք գրեթե առանց խմբագրելու:

«Բարեւ ձեզ: Ես արդեն յոթ տարի ապրում եմ Հայաստանում: Ծնվել եմ 1980 թվականին, Երեւանում: Հայրս ռուս է: 1990-ականների սկզբին մենք արտագաղթեցինք Իսրայել, բայց այնտեղ մեր կյանքը չդասավորվեց, եւ հինգ տարի անց վերադարձանք Հայաստան: Ես ավարտել եմ Պոլիտեխնիկի IT բաժինը: Հիմա 34 տարեկան եմ, ամուսնացել եմ հայուհու հետ, 3 երեխա ունենք: Ես ռուսական քաղաքացիություն ունեմ, կինս ու երեխաներս՝ հայկական: Չորս տարի առաջ այստեղ աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեի եւ մեկնեցի Մոսկվա, որտեղ 1.5 տարի անցկացնելուց հետո արագորեն վերադարձա: Եվ հիմա Ձեզ բացատրեմ, թե ինչու չեմ մեկնի Ռուսաստանում ապրելու, կմնամ այստեղ, եթե անգամ երկրին լիարժեք ճգնաժամ սպառնա:

Աշխատելու մեկնեցի մենակ, այնպես ստացվեց, որ աշխատում էի ոչ մասնագիտությամբ: Սկսեցի աշխատել հաջողակ մի ռեստորանում: Նախապես ասեմ, որ աշխատանքը գտա հայտարարությամբ, իսկ ռեստորանի ղեկավարն ազգությամբ ռուս էր, ինչպես եւ ամբողջ անձնակազմը՝ մատուցողից մինչեւ խոհարար: Մերձմոսկվայի չափանիշներով նորմալ էին վարձատրում, առավել եւս, որ ապրում էի ծանոթներիս մոտ, ինչն ինձ հնարավորություն տվեց մի քիչ տնտեսել եւ ինքնուրույն մեկ սենյականոց բնակարան վարձել: Հիմա բուն խնդրի մասին: Ինձ համար դժվար էր հոգեբանական տեսանկյունից: Ինձ յուրայինի նման էին ընդունում, հայտնի «խաչիկի» կնիքն ինձ վրա չդրվեց: Բայց ինձ համար դժվար էր իմ այդ ազգի հետ: Չգիտեմ… Կարծում եմ՝ մարդը պատկանում է այն ազգությանը, որի մշակույթի կրողն իրեն համարում է: Հավանաբար, ես սովետական մշակույթի կրողն եմ, հնարավոր է՝ հետխորհրդային հայկական մշակույթի: Ինքս էլ չգիտեմ, քանի որ գիտակցական մակարդակով ինձ բուն հայկական մշակույթի կրող չեմ համարում, քանի որ շատ թույլ եմ հայկական ազգային երաժշտությունից, գրականությունից եւ այլն:

Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ արդեն երկու ամիս աշխատելուց հետո հասկացա, որ Ռուսաստանում եթե չես խմում, քեզ չեն հասկանում: Կարեւոր չէ, թե ում հետ, մտավորականության ներկայացուցիչների, թե՝ ոչ, բայց խմել իմանալ պարտավոր ես: Եվ այդ ինձ սարսափելի դուր չեկավ, քանի որ եթե Կովկասում կարողանում են լավ նստել, խմել եւ ուրախանալ, ապա, իմ դիտարկումներով, Ռուսաստանում այդ գրեթե միշտ ծեծկռտուքով է ավարտվում: Եթե մի քանի ամիսը մեկ անգամ հաջողվում էր գնալ բնության գրկում հանգստանալու, ապա զայրացնում էր ոչ թե ամենուրեք թափված աղբը, այլ համատարած գինարբուքը: Երեկոյան ժամը յոթից հետո փոքրիկ քաղաքի գրեթե ամբողջ երիտասարդությունը քայլում էր գարեջուրը ձեռքին: Իսկ առավոտյան աշխատանքի գնալիս ինձ համար սովորական էր դարձել փողոցում ամենուրեք թափված ներարկիչների առկայությունը:

Աշխատավայրում գործընկերներս, կարծես, վատը չէին, եթե չհաշվենք այն, որ խոհանոցում մի քանի կանայք հաճախ աչքերի տակ կապտուկներով էին լինում. հարբած ամուսիններն էին ծեծում: Երբ ես զարմացած հարցնում էի, իսկ ի՞նչ է անում ամբողջ օրն ամուսինը, աղջիկների պատասխանը հետեւյալն էր. «Պառկած է բազմոցին»: Պարզվում է՝ ամուսիններին «պալոժ չէր» 40.000 ռուբլու համար աշխատելը, թող տաջիկները տանջվեն, իսկ նրանք հեռակառավարման վահանակը ձեռքներին բազմում են հեռուստացույցի առջեւ:

Կարճ ասած՝ ես սկսեցի հասկանալ, որ ես երբեք այստեղ չեմ բերի իմ կնոջն ու երեխաներին: Ես կնախընտրեմ, որ նրանք մեծանան Հայաստանում, բայց կարողանան գիշերը ժամը 4-ին հանգիստ զբոսնել Երեւանում, այլ ոչ թե ռուսական քաղաքի փողոցներում, որտեղ երեկոյան ժամը 7-ից հետո հարբած թափթփուկները չեն կարողանում իրենց վերահսկել, որտեղ երիտասարդության շրջանում թմրամոլությունն այն աստիճանի է հասել, որ ամեն ինչ արդեն բացահայտորեն է կատարվում, որտեղ այլատյացությունը թաքցնում են կեղծավոր բարեսրտությամբ, իսկ որոշակի աստիճանից հետո այն դուրս է հորդում «քաղաքակիրթ» սլավոնների ներսից:

Ռուսաստանից ես չհեռացա, ես փախա այնտեղից: Գրողի ծոցը նրանց փողերը: Ես վերադարձա, մեկ տարի չէի կարողանում աշխատանք գտնել: Հիմա աշխատում եմ IT ընկերությունում եւ Հայաստանի համար նորմալ վաստակում եմ: Ապրում եմ հանգիստ եւ խաղաղությամբ՝ անկախ այն իշխանությունից, որն այսօր կա Հայաստանում: Ուրախ եմ, որ հարեւաններիս հետ կարող եմ դիմավորել Ամանորը եւ ցանկացած անցորդի հետ փողոցում զրուցել: Գրում եմ ձեզ նրա համար, որ իմանաք. այստեղ էլ կան բազմաթիվ հաճելի, բայց կարեւոր մանրուքներ, որոնք դուք չեք նկատում:

Եվ ամենակարեւորն այն է, որ ցանկացած պարագայում այստեղ կան մարդիկ, ովքեր մարդ են մնացել, ինչի հետքն անգամ իմ դե-յուրե հայրենիքում, իմ կարծիքով, չկա: Գուցե ես սխալ եմ, բայց ինձ համար այստեղ ավելի լավ է, քան Ռուսաստանում: Վստահ եմ, որ Մաքսային միություն մտնելուց հետո այստեղ բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ կգան: Հուսով եմ՝ նրանք կկարողանան մեզանից շատ բան սովորել, այլ ոչ թե կեղտոտել այս երկիրը, ինչպես կեղտոտել են իրենց սեփականը եւ կեղտոտում են թուրքական ափն իրենց արձակուրդների ընթացքում:

Սերգեյ Ա.



© NEWS.am STYLE