Ռուսական թատրոնից դուրս եկած դերասանները հանդես կգան սեփական թատրոնով եւ ներկայացմամբ

13:53   16 հունիսի, 2014

Վաղը՝ հունիսի 17-ին, Տիկնիկային թատրոնի բեմում կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանի բեմադրած «6 ուտեստ օլիգարխի համար» ներկայացման պրեմիերան։ Այսօր լրագրողների հետ հադնիպման ժամանակ Իրինան, «Վիվարտե» պրոդաքշընի պրոդյուսեր Արտյոմ Կարապետյանը եւ ներկայացման գլխավոր դերակատար Յուրի Իգիթխանյանը խոսեցին ներկայացման, ինչպես նաեւ նորաստեղծ պորդաքշընի մասին։

Նրանց խոսքով՝ պրոդաքշընը նպատակ ունի դառնալ առանձին թատրոն։ Գաղափաը Իրինա Հարությունյանինն է։ «Երեք տարի առաջ այս ներկայացումը բեմադրել էի, սակայն փոքր բեմը շատ հնարավորություններ չտվեց ստեղծագործելու, եւ ինչ-որ բան կիսատ էր մնացել։ Որոշեցի ստեղծել առանձին թատրոն, որտեղ ներգրավված կլինեն թատրոից դուրս եկած դերասաններ»,-ասաց Իրինան։

Արտյոմ Կարապետյնաի խոսքով՝ թատրոնում բացառապես պրոֆեսիոնալ դերասաններ են ընդգրկված, ովքեր ջանք ու եռանք չեն խնայել, որպեսզի ըստ արժանավույն ներկայանան հանդիսատեսին։ «Ներկայացումը ռուսերեն է լինելու, քանի որ պիեսի բնագիրը ռուսերեն է, սակայն մենք նպատակ ունենք նաեւ առաջիկայում բեմադրել ներկայացումը հայերենով, այլ կերպ ասած՝ մտադիր ենք երկլեզու թատրոն ստեղծել»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ նպատակ ունեն հանդես գալ Հայաստանի մարզերում, Արցախում, նաեւ մասնակցել միջազգային փառատոների։

Ներկայացման գլխավոր դերակատար Յուրի Իգիթխանյանը, ով, ինչպես Իրինան եւ ներկայացման մյուս դերասանները, դուրս է եկել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից, խոսելով ներկայացման մասին, ասաց, որ դա իր համար յուրահատուկ փորձարկում ասես լիներ։ Նա կարծում է, որ ժամանանակից դերասանի համար  խաղացանկային թատրոնն այդքան էլ հարմար չէ՝ հաշվի առնելով դրա վրա ծախսված ժամանակն ու ստացած չնչին աշխատավարձը, այդ պատճառով նման ազատ գրաֆիկով ներկայացումները տեղին։

«Շատ հուզված եմ, սկսնակի պես սպասում եմ վաղվա պրեմիերային»,-նշեց Իգիթխանյանը։

Ներկայացման ստեղծագործական անձնակազմը նշեց նաեւ, որ պարային եւ երաժշտական համարներ են լինելու, իսկ դերասանները՝ անընդհատ շարժման մեջ։

Ներկայացումը սիրո, մոր եւ որդու հարաբերությունների մասին է։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE