BBC-ին ֆիլմ է նկարահանել խուլ պարող Հայկ Հոբոսյանի մասին

11:40   19 հունիսի, 2014

Բրիտանական BBC հեռուստաընկերությունը ֆիլմ է նկարահանել խուլ պարող Հայկ Հոբոսյանի մասին, ով ինչպես գիտեք, 2010թ-ի «Պարիր, թե կարող ես» մրցույթի հաղթողն է եղել։ BBC-ի լրագրողը զրուցել է պարողի հետ այն ժամանակ, երբ նա մեկնել է Լոնդոն մարզվելու։ Հայկը Անգլիա է մեկնել British Council of Armenia-ի աջակցությամբ։

«Երբ ես փոքր էի, շատ էր սիրում նայել, թե ինչպես է պարում Մայքլ Ջեքսոնը։ Երբ, դժբախտաբար, Մայքլը մահացավ, ես որոշեցի շարունակել իր պարային «ոճը» եւ  այս հիմքի վրա սկսեցի մշակել իմ ոճը։ Տեսնելով իմ ցանկությունը եւ սերը դեպի պարը՝ ծնողներս ինձ պարի դպրոց տարան։ Իսկ ինչ վերաբերում է մրցույթին, որը ես հաղթեցի, ապա ասեմ, որ ես չէի էլ մտածում, որ կարող եմ հաղթել. դա ցնցող էր»,- նշել է Հայկը։

Հայ պարողին Լոնդոն է հրավիրել Candoco Dance Company դպրոցը, որտեղ Հայկը կարող է բարելավել իր պարային վարպետությունը եւ պարի դասեր տալ Հայաստանում խուլ երեխաներին։ Դպրոցում կա ժամանակակից պարերի  հատուկ մշակված ծրագիր լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար։

«Ես այստեղ նոր պարային տեխնիակ եմ սովորել, եւ Հայաստան գալուն պես կարող եմ այն արդեն գործնականում օգտագործել։ Ես ցանկանում եմ խուլ երեխաներին պարել սովորեցնել։ Նրանք պետք է հասկանան, որ լսողության խնդիրները չեն կարող խոչընդոտ լինել պարել սովորելու համար»։

 



© NEWS.am STYLE