«Ոսկե Ծիրան-2014»-ի ծրագիրն ու հատուկ հյուրերը

14:37   20 հունիսի, 2014

«Ոսկե Ծիրան-2014» Երեւանի միջազգային կինոփառատոնի ստեղծագործական անզնակազմն այսօր լրագրողներին ներկայացրեց փառատոնի արտամրցութային բաժնում ներկայացված ծրագրերը։ Դրանք են՝ Երեւանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, «Ֆիլմեր առանց սահմանների», ինչպես նաեւ «Հայեր՝ հայացք ներսից եւ դրսից»։ Այս տարի առաջին անգամ կանցկացվի Սոցիալական փոփոխությունների կինո խորագիրը, որի ներքո կկայանա լեհական ֆիլմերի ծրագիրը, «Ուկրաինական պոետիկ կինո» եւ « Նոր գերմանական կինո» ծրագրերը։

 

Երեւանյան պրեմիերաների շրջանակում կցուցադրվեն մեծ հնչեղություն ստացած ֆիլմեր, մասնավորապես՝ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Գիշերային քուն», Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեւ ածուխ, բարակ սառույց» ֆիլմերը եւ այլն։

Փառատոնի շրջանակներում Երեւան կժամանեն համաշխարհային կինոյի դեմքերից Քշիշտոֆ Զանուսին, Կիմ Կի-դուկը, Ամոս Գիտայը եւ այլք, որոնց ֆիլմերը կցուցադրվեն Հետահայաց ցուցադրություններ ծրագրի շրջանակներում։

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հուլիսի 13-ից 20-ը՝ Երեւանում։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE