Մարտին Յորգանց. Ես ինձ համարում եմ հայկական ամեն մի ընտանիքի անդամ

21:52   30 նոյեմբերի, 2012

Մարտին Յորգանցը նույնիսկ իր 66 տարեկան հասակում այնքան էներգիա ունի, որ շատ դժվար է պատկերացնել, որ նա հասցրել է մի քանի սերնդի սիրելի երգիչներից մեկը լինել: Հանդիսանալով բազմաթիվ մրցանակների տեր՝ նա ոմանց նման չի մոռացել իր հայ լինելը, այլ իր ազգի դժվար պահերին եղել է ժողովրդի կողքին՝ օգնելով երկրաշարժի զոհերին: Սակայն իրականում մենք նրա մասին գրեթե ոչինչ չգիտենք: 

Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:

Իմ ծնողները ծնվել են Թուրքիայում, հայրս Օրդու քաղաքում, իսկ մայրս՝ Անկարայում: Ես ինքս ծնվել եմ Ստամբուլում: Հայրս մահացավ, երբ ես 19 տարեկան էի: Մայրս ստիպված էր ինձ հետ Փարիզ տեղափոխվել 1968 թվին: Այժմ ես ապրում եմ Փարիզում եւ Կանադայի Մոնրեալ քաղաքում: Քիչ հետո կբացատրեմ ինչու:

Ինչպե՞ս որոշեցիք երգել:

Տարիներ առաջ Փարիզում ռեստորան ունեի, որտեղ ամեն երեկո երգում էի: Բայց հետո մի օր որոշեցի, որ պետք է փակեմ ռեստորանս եւ զբաղվեմ երաժշտությամբ: Այժմ ես շրջում եմ աշխարհով մեկ եւ երգում այնտեղ, որտեղ հայեր կան: Վերջին համերգներս եղել են Գերմանիայում եւ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:

Իսկ ձեր ընտանի՞քը:

Ընտանիքս... Այժմ ես ամուսնացած եմ երկրորդ անգամ: Արդեն 14 տարի է: Կինս՝ Կալինան, հայ է, ծնվել է Պոլիսում եւ ապրել է Մոնրեալում: Առաջին ամուսնությունից ունեմ 27 տարեկան որդի, անունն Արտաշես է: Նա ապրում է ԱՄՆ-ում:

Ինչո՞վ եք զբաղվում, երբ ազատ եք:

Երբ ազատ ժամանակ եմ ունենում, հեծանիվ եմ նստում եւ շրջում Փարիզի փողոցներով: Նրանք շատ հետաքրքիր են իրենց պատմությամբ: Բացի այդ նոր երգեր եմ գրում:

Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:

Այս տարի: Այդտեղ եմ եղել իմ համերգներով, որոնք կազմակերպել էր Սփյուռքի նախարարությունը:  Ելույթ եմ ունեցել 8 տարբեր քաղաքներում: Ուզում եմ նշել, որ ամեն տարի գալիս եմ համերգներով Հայաստան: 1988 թվականից մինչ այսօր ունեցել եմ 138 համերգ՝  89-ը՝ Մարզահամերգային համալիրում, 12-ը՝ Ղարաբաղում, իսկ մնացածը տարբեր մարզերում:

Ի՞նչն եք ամենից շատ հիշում մեր երկրից:

Ես տեսել եմ Հայաստանի ամենադժվար՝ երկրաշարժի օրերը եւ տեսնում եմ այսօրվա Հայաստանը, որն օրեցօր գեղեցկանում  է ի շնորհիվ իր ժողովրդի, երիտասարդների եւ իմ շատ սիրելի տաղանդավոր փոքրիկների, որոնք հիանալի երգում եւ պարում են:

Ձեր երգերն այսօր այնքան չեն լսում, որքան տարիներ առաջ...

Իմ երգերը սերնդեսերունդ են տարածվում: Եվ շատ շուտով նոր երգեր կհայտնվեն, որոնք անպայման դուր կգան հանդիսատեսին: Բացի այդ, այսօր Հայաստանը  ունի հարյուրավոր երգիչներ, շատերը լավն են եւ հաջողակ...

Խոսո՞ւմ եք հայերեն:

Այո, եւ խոսում եմ եւ գրում: Պոլսո Մխիթարյան վարժարանն եմ ավարտել:

Ի՞նչ կցանկանայիք ասել այն Հայաստանում ապրող մարդկանց, ովքեր սիրում են ձեր երգերը եւ ջերմությամբ են հիշում ձեզ:

Իմ շատ սիրելի Հայաստանի ժողովրդին կասեմ, որ ես ինձ համարում եմ հայկական ամեն մի ընտանիքի անդամ, ինչպես նաեւ փոքրիկների ընկեր: Հայաստանը շատ շատ եմ սիրում, ամեն տարի գալիս եմ համերգներով: Իսկ մինչ մեր հանդիպում հետեւեք ինձ YouTube-ով եւ Facebook-ով: Ասեմ, որ մի քանի ամիս հետո նորից կտեսնվենք:

Հարգանքներով եւ համբույրներով՝ Ձեր Մարտին Յորգանց:

 



© NEWS.am STYLE