Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանները՝ «Ոսկե Ծիրան» փառատոնի մասին

14:51   27 հունիսի, 2014

«Ոսկե Ծիրան» միջազգային կիոնփառատոնը տարիներ շարունակ համագործակցում է ՀՀ-ում օտարերկրյա մի շարք դեսպանությունների հետ, որոնց թվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհասատնի դեսպանատները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերոնշյալ երկրների դեսպանները խոսեցին փառատոնի եւ  դրա հետ իրենց համագործակցության մասին։

 

 ՀՀ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ «Ոսկե Ծիրան» փառատոնը մեծ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի համար, այլեւ տարածաշրջանի եւ անգամ տարածաշրջանից դուրս։  Ըստ նրա՝ փառատոնն արդեն մեծ հեղինակություն է ձեռք բերել աշխարհում շնորհիվ նաեւ կազմակերպիչների, ովքեր շրջում են տարբեր երկրներով եւ կապեր ստեղծում։

 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի խոսքով էլ կինոյի շնորհիվ ամուր կապ է ստեղծվել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ։ Ապա դեսպանը ներկայացրեց փառատոնում ընդգրկված ֆրանսիական ֆիլմերն ու դրանց ռեժիսորներին՝ հավելելով, որ այդ ֆիլմերը թվով 17-ն են։

 

ՀՀ Լեհաստանի հանրապետության դեսպանության Առաջին խորհրդական, Քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին նույնպես իր խոսքում նշեց, որ փառատոնը հեղինակավոր է եւ իրենց մեծ պատվով են տարիներ շարունակ մասնակցում դրան։

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հուլիսի 13-ից 20-ը՝ Երեւանում։

Շ.Շ.

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE