Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ հանդիպել Էլթոն Ջոնի հետ եւ խոսել սեռական փոքրամասնությունների մասին

12:34   1 հուլիսի, 2014

Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին. նա ցանկանում է խոսել Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Կրեմլում ոչ մեկ հայտնի երգչին չի սպասում։

Ըստ հանրապետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի՝ ոչ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ոչ էլ վարչակազմի որեւէ անդամ այս հարցում ոչ մի հարցադիմում չի ստացել։ «Մենք ոչ մի տեղեկություն չունենք, այդ պատճառով մենք դեռ լռում ենք»,-ասել է Պեսկովը։

Բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ երաժիշտը խոստովանել է, որ 2014թ-ի նոյեմբերին պատրաստվում է մեկնել Ռուսաստան եւ ՌԴ նախագահի հետ քննարկել գեյերի նկատմամբ կիրառվող խտրականություններն ու գեյերի քարոզարշավն արգելող օրենքները։ «Ես կանգնած եմ ցանկացած մարդու կողքին, ում իրավունքները խախտված են։ Ես կգնամ Ռուսաստան։ Դա կլինի նոյեմբերին։ Եվ ես կփորձեմ հանդիպել Պուտինին եւ խոսել նրա հետ։ Ես չգիտեմ, թե դա ինչ օգուտ կբերի։ Հնարավոր է, որ ինձ մոտ ոչինչ չստացվի, բայց ես պետք է փորձեմ»,- ասել է երգիչը։

Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնի եւ նրա ընկերոջ՝ Դեյվիդ Ֆերնիշի միությունը գրանցված է, զույգը դաստիարակում է երկու որդիներ, որոնք ծնվել են նույն սուրոգատ մորից։

 

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE