Ի՞նչ պատճառով Ավետ Բարսեղյանը մեկ շաբաթ տանից դուրս չէր եկել

10:01   3 հուլիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը իրականացնում է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակներում հայտնի մարդիկ խորհուրդ են տալիս կարդալ այս կամ այն ստեղծագործությունը, ապա քննարկում դրանք ընթերցողների հետ:

NEWS.am STYLE-ը երեկ ներկա գտնվեց այդ քննարկումներից հերթականին, որի ընթացքում հաղորդավար Ավետ Բարսեղյանը խոսեց Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» գրքի մասին:

Քննարկմանը ներկա էր նաեւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ով Ավետի՝ ուշանալու հանգամանքից ելնելով, որոշեց հավաքվածներին հետաքրքիր դեպքեր պատմել, որոնք գիրքը վերահրատարակելու ընթացքում պատահել էին իրենց հետ:

Ինչպես հայտնի է, միստիկ այս գրքի էկրանավորման աշխատանքներն ուղեկցվել են մի շարք դժբախտ պատահարերով: Եվ, ահա, հայ հրատարակիչները նույնպես զերծ չեն մնացել դրանցից: Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ  գիրքը տպարան հանձնելու օրը մահացավ գրքի թարգմանիչը՝ Արմեն Հովհաննիսյանը: Գիրքը խմբագրելու ընթացքում Արքմենիկը տանը ընկավ եւ կրծքավանդակի հատվածում սալջարդ ստացավ: Բացի այդ, վերահրատարակված գրքի վրա հրատարակիչները մակնշել էին՝ «Պարտադիր ընթերցանության համար», բայց երբ գիքրը տպարանից դուրս եկավ, պարզվեց, որ որոշ խմբաքանակի վրայից բացակայում էր այդ գրությունը:

Վերջապես Ավետ Բարսեղյանը հասավ գրքի քննարկման վայր՝ «The Club», եւ խոսեց գիրքը հայերեն կարդալու դժվարության, կերպարների եւ այլնի մասին:

Ավետի խոսքով՝ «Վարպետը եւ Մարգարիտան» առաջին գիրքն էր, որ նա մինչեւ վերջ կարդաց հայերենով: «Մեծ փորձություն էր ինձ համար, շատ ծանր եմ կարդացել, բայց ավելացրել եմ բառամթերքս՝ սկսած «ատամնապսակ» բառից, վերջացրած՝ «տեսլապատրանքով»»,-ասաց նա՝ հավելելով, որ գիրքը կարդալու ընթացքում մեկ շաբաթ տանից դուրս չի եկել:

Խոսելով գրքի հերոսների մասին, Ավետն առանձնացրեց այն փաստը, որ գրքում սատանան ներկայացված չէ «պոզով-պոչով», այլ մարդկային կերպարով: «Ինձ թվում է, որ մարդն օրվա ընթացքում հանդիպում է թե’ սատանայի, թե’ հրեշտակի հենց մարդկանց տեսքով»,-նշեց Ավետը:

Անդրադառնալով գրքում եւ ընդհանրապես կյանքում առկա բարու եւ չարի պայքարին, Ավետ Բարսեղյանը նշեց, որ, իր կարծիքով, բարին եւ չարն իրար հետ այդքան էլ պայքարի մեջ չեն, այլ, կարծես, «համագործակցեն»:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE