15:26 3 հուլիսի, 2014Դերասան Սեպուհ Ապիկյանը, ով մայիսին վթարի էր ենթարկվել, իր դժգոհությունն է արտահայտել վթարի հետեւանքով իր հետ կատարված հերթական միջադեպի վերաբերյալ։ Իր ֆեյսբուքյան էջում դերասանը գրում է.
«39 տարի՝ իմ ամբողջ գիտակից կյանքում, եղել եմ բացարձակ հայրենասեր եւ երբեք չեմ մտածել Հայրենիքիցս հեռանալու մասին։ Ամենադժվար տարիներին, մութ եւ ցուրտ օրերին նույնիսկ ինքս ինձ ասել եմ ոչ։ Սա իմ հողն ու ջուրն է, եւ նույնիսկ ամենավատ վիճակում ես երբեք չեմ լքի Հայաստանը, բայց այսօր վերջնականապես հիասթափվեցի, եւ էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանը այլեւս չեմ ուզում համարել իմ Հայրենիք։ Շատ խորը վշտով եւ ցավ ապրելով ասում եմ այն, ինչ ասում եմ։
Սա այն միակ երկիրն է, որտեղ երբ մարդը ընկնում է, օգնության ձեռք մեկնելու փոխարեն, այդ մարդուն սկսում են ոտնահարել, «քացու տակ գցել», ոտքերով ծեծել, շատանում են դանակավորները՝ հասցնելով նրան վերջին շնչին, եւ այս խոսքերը վերաբերում է ոչ թե անհատ մարդկանց, այլ պետական կառույցներին։ Անչափ «ցնցված եմ» եւ «հիացած» մեծն Ճանապարհային ոստիկանության համակարգի մեծահոգի վերաբերմունքից եւ աշխատանքից։ Միայն Հայաստանում կլինի նման հրեշավարի վերաբերմունք անձի նկատմամբ։
Երբ ընկնում ես փորձանքի մեջ, ունենալով ծանր մարմնական վնասվածքներ, բարոյական, ֆինանսական եւ հոգեկան մեծ կորուստներ՝ վնասվելով եւ դառնալով կիսահաշմանդամ, երբ միակ տուժողը դու ես, ջարդուխուրդ լինողը դու ես, մեծ ֆինանսական պարտքերի մեջ ընկնողը դու ես, վիրահատություն տանողը դու ես, 40 օր սաստիկ ցավեր քաշողը դու ես, ոչ ոք չի տուժել, բացի քեզանից, այդքանից հետո քեզ վրա տուգանք են սահմանում՝ 200 հազար դրամի չափով։ Ի՞նչ կարող եմ ասել.. Կեցցես դրախտային պայմաններով եւ մարդու անձը եւ իրավունքները հարգող եւ պաշտպանղ երկիր Հայաստան»։