Արամ Նիկոլյանի «Երազը» ցուցադրվեց ալիքների վրա

10:40   6 հուլիսի, 2014

Երեկ՝ հուլիսի 5-ին, Սեւանա լճում՝ գեղեցիկ զարդարված լաստանավում, կայացավ դիզայներ Արամ Նիկոլյանի «Իմ երազը» նոր հավաքածուի ցուցահանդես-վաճառքը, որից ստացված հասույթը կտրամադրվի  «Երազ» բարեգործական հիմնադրամին՝ շաքարային դիաբետով տառապող երեխաներին օգնելու նպատակով:

Ցուցադրությունն ընթացավ «շարժման» մեջ. հյուրերի ժամանելուն պես՝ լաստանավը սլացավ առաջ՝  թույլ տալով միջոցառման մասնակիցներին ցուցադրությունը դիտել ալիքների վրա:

Հավաքածուի առանձնահատկություններից է այն, որ տղամարդկանց եւ կանանց համար նախատեսված բոլոր 45 զգեստները պատրաստված են սպիտակ կտորներից, որոնց վրա արտատպված են երեխաների կողմից նկարված պատկերներ:

Հենց տեղում նույն այդ պատկերներով շապիկներ էին վաճառվում, որից ստացված հասույթը նույնպես օգտագործվելու է բարեգործական նպատակներով: Դրանց առաջին գնորդներից էր, ի դեպ, Նադեժդա Սարգսյանը:

Միջոցառումը վարում էին Արամ Չախոյանն ու Գայանե Ասլամազյանը: Ցուցադրությունն ուղեկցվում էր պարային համարներով, իսկ երաժշտությունն ապահովում էր DJ Դելը:

 

«Իմ երազ»-ի ցուցադրությանը ներկա էին մի շարք հայտնի մարդիկ, ինչպես օրինակ՝ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Նադեժդա Սարգսյանը, Էրիկ Անթառանյանը, Արտավազդ Ամիրյանը, Դիանա Շատվերյանը, Արայիկ Գաբաջյանը, Գեւորգ Շադոյանը, Գագա Ամատունին, Աննա Ավանեսյանը եւ այլք:

 

Լրագրողների հետ զրույցում Արամ Նիկոլյանն ասաց, որ սա իր առաջին բարեգործական ցուցադրությունն է:  Հավաքածուի ստեղծման աշխատանքները տեւել են երկու ամիս, իսկ զգեստները կարվել տասն օրում:  Պատասխանելով այն հարցին, թե որն է իր երազը, դիզայներն ասաց. «Իմ մանկությունն է իմ երազը, որն արտահայտեցի երեխաների նկարների միջոցով: Ցանկացած մարդ, երբ մեծանում է, երազում է մանկանալ մի օր: Այսօր ես մանկացա»:

Դիզայների նոր հավաքածուի ցուցադրությունը ներկայացնում ենք ստորեւ՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

 Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE