«Վամպիրի օրագրերի» հայազգի աստղ Րաֆֆի Բարսումյան. Էքսկլուզիվ հարցազրույց NEWS.am STYLE

11:02   9 հուլիսի, 2014

Մայիսին ավարտին մոտեցավ ամերիկյան «Վամպիրի օրագրերը» (The Vampire Diaries) հանրաճանաչ հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանը: Աշխարհը գրաված հեռուստասերիալի այդ եթերաշրջանի 17-րդ էպիզոդից սկսած գլխավոր հերոսների` Էլենայի (Նինա Դոբրև), Ստեֆանի (Փոլ Ուեսլի) և Դեյմոնի (Իեն Սոմերհոլդեր) ճանապարհին հայտնվում է նոր չարագործ` թափառական կախարդ Մարկոսը, ում մարմնավորում է մեր հայրենակից Րաֆֆի Բարսումյանը: Այս փաստը, իհարկե, չէր կարող մեզ անտարբեր թողնել: Այսպիսով, փորձեցինք կապ հաստատել Րաֆֆիի հետ, որը սիրով համաձայնվեց մեզ հետ զրուցել իր հայկական ծագման, ԱՄՆ-ում հաստատվելու, «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում հայտնվելու և այլ թեմաների շուրջ:

 

-Րաֆֆի´, մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ:

- Իմ ծնողները ծնվել և մեծացել են Բեյրութի հայկական համայնքում: Ես ևս անյտեղ եմ ծնվել: Բեյրութում ծագած հակամարտությունների պատճառով հայրիկիս կողմի բարեկամներից շատերը տարիների ընթացքում սկսեցին արտագաղթել Միացյալ Նահանգներ: Երբ երկրում խորացավ քաղաքացիական պատերազմը, իմ ծնողները որոշեցին, որ մենք ևս պետք է տեղափոխվենք այնտեղ և մեկնեցինք Լոս Անջելես: Այն ժամանակ ես 1 տարեկան էի: Այսպիսով, մեծացել եմ Կալիֆորնիայում: Սակայն ծնողներս միշտ էլ ուշադիր են եղել, որպեսզի մենք պահպանենք մեր հայկական արմատներն ու մշակույթը: Տանը միայն հայերեն էինք խոսում, շրջապատում էլ գերակշռում էին հայերը: Այնպես որ` ես սահուն  տիրապետում եմ արևմտյան հայերենին:

 

Երբևէ եղե՞լ եք Հայաստանում:

 - Ինձ ընդամենը մեկ անգամ է բախտ վիճակվել լինել Հայաստանում: 2005 թ-ին ընտանիքով այցելեցինք Հայաստան: Երևանում հանդիպեցինք մեր ընկերներին, իսկ հետո շրջագայեցինք երկրով մեկ: Օգտագործել ենք յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի տեսնենք մեր հին եկեղեցիներն ու պատմական վայրերը:

-Իսկ ունե՞ք որևէ նախընտրած հայկական ուտեստ:

- Ես դրանք բոլորն էլ սիրում եմ, բայց ինձ համար ոչինչ չի համեմատվի հայկական քուֆթայի հետ:

 

- Որտե՞ղ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել դերասանական կարիերայով:

- Շատ վաղ տարիքից եմ հետաքրքրված եղել դերասանական արվեստով: Ավագ դպրոցում, վերջապես, հնարավորություն ունեցա հաճախելու թատերական դասընթացների` դպրոցում և դրանից դուրս:  Հենց այդ տարիքից սկսեցի մասնակցել Լոս Անջելեսի լսումներից շատերին: Դպրոցից հետո ընդունվեցի Կառնեգի Մելոն համալսարան, որն իմ առջև դռներ բացեց դեպի մեծ բեմ: Այդ ամենն ինձ համար նոր էր և հետաքրքիր:Այնուհետև ուսումս շարունակեցի Փարիզում: Բացի պարապմունքներից, վերջին տասը տարիների ընթացքում ակտիվ բեմական կյանք եմ վարում. հանդես եմ գալիս ԱՄՆ-ի տարբեր դասական թատրոնների բեմերում:

 Ինձ, սակայն, միշտ էլ հետաքրքրել է կինոն և հեռուստատեսությունը: Այսպիսով, հիմա ամեն ինչ անում եմ նորանոր նախագծեր նվաճելու համար:

- Կա՞ն հայ կամ արտասահմանցի դերասաններ, ում աշխատանքը սիրում և գնահատում եք:

- Այնքան մեծ ցուցակ կլինի, եթե թվարկեմ նրանց անունները: Շատ դերասաններ կան, որոնցից դեռ շատ բան ունեմ սովորելու:

 - Րաֆֆի´, հետաքրքիր է` ինչպե՞ս հայտնվեցիք «Վամպիրի օրագրերը» հանրաճանաչ հեռուստասերիալում:

- Բախտավոր եմ ինձ համարում, քանի որ մասնակցեցի լսումներին և ինձ ընտրեցին Մարկոսի  դերի համար:

- Իսկ մինչ այդ հետաքրքրվա՞ծ էիք այդ հեռուստասերիալով:

- Մինչ այդ չէի հետևում այդ հեռուստաշոուին, սակայն, իհարկե, լսել էի դրա մասին:


- Ֆիլմի դերասանական կազմի հետ արդեն հասցրե՞լ եք մտերմանալ:

- Այդ ֆիլմում նկարահանվող դերասաններից յուրաքանչյուրն այնքան ջերմ և բարեհամբույր է: Իմ տեսարաններից շատերում նկարահանվել եմ Մարգարիթ Մակինթայերի (ֆիլմում` շերիֆ Ֆորբս), Իեն Սոմերհոլդերի (ֆիլմում` Դեյմոն) և Մայքլ Տրեվինոյի (ֆիլմում` Թեյլոր Լոուքվուդ) հետ: Այսպիսով, ժամանակիս մեծ մասը հենց նրանց հետ եմ անցկացրել: Նրանք շատ մեծահոգի և զվարճալի մարդիկ են:

Ֆիլմում Դուք մարմնավորում եք չարագործ Մարկոսին: Արդյոք հե՞շտ էր լինել այդպիսին:

- Նկարահանման ընթացքում պարզեցի, որ Մարկոսը չափազանց հետաքրքիր կերպար է: Սցենարիստները ջանք չէին խնայում նրա անսահման ուժը ցուցադրելու համար: Հետաքրքիր էր հետևել այդ ընթացքին: Դա ֆիլմում նկարահանվելու լավագույն կողմն էր ինձ համար` մարմնավորել մի կերպարի, ով չափազանց քիչ ջանք է գործադրում, բայց դառնում է ահռելի փորձանքների պատճառ:

-Որքանո՞վ է Րաֆֆին նման Մարկոսին:

-Մարկոսի պես ես ևս ունեմ 188 սմ հասակ և եթե ցանկանամ, կարող եմ պահել մորուք (ծիծաղում է):

-«Վամպիրի օրագրերը» ֆիլմի անձնակազմն արդեն հայտարարել է, որ առջևում սպասվում է հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանը: Հնարավո՞ր է տեսնենք Մարկոսին ֆիլմի նոր եթերաշրջանում:

-Դա կախված է միայն սցենարիստներից և, իհարկե, նաև ֆիլմի երկրպագուներից:

-Ի դեպ, ֆիլմի երկրպագուները շատ ակտիվ են: Նրանք սիրում են տարբեր ֆորումներում քննարկել իրենց սիրելի հերոսներին: Դուք ի՞նչ կարծիքներ եք ստանում Ձեր մարմնավորած կերպարի մասին:

- «Վամպիրի օրագրերը» ֆիլմի երկրպագուներն, իրոք, եզակի են: Մինչ ֆիլմում նկարահանվելը չէի պատկերացնում այդպիսի նվիրվածություն: Նման սիրված նախագծում հայտնվելուց հետո, ցանկանում ես անել հնարավորինը, որպեսզի չհիասթափեցնես նրանցից և ոչ մեկին: Այս ընթացքում շատ բարի խոսքեր եմ լսել, այնքան շատ նամակներ եմ ստանում:

- Վերջին շրջանում «Վամպիրի օրագրերը» դարձել է հայ ֆիլմասերների ամենասիրելի ամերիկյան հեռուստասերիալներից մեկը:  Հնարավո՞ր է` մի օր այստեղ հանդիպում ունենաք ֆիլմի երկրպագուների հետ:

- Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ մի օր կրկին այցելելու Հայաստան: Այնքան ուրախ եմ, որ այս հեռուստասերիալի շնորհիվ այդտեղ ևս շատերն իմ աշխատանքը գնահատելու հնարավորություն ունեցան: Այդ ամենը շատ հաճելի է:

- Մարկոսը դարձել է հեռուստասերիալի ամենասիրելի տղամարդ կերպարներից մեկը: Համոզված ենք, որ շատերին կհետաքրքրի` արդյոք Րաֆֆիի սիրտը զբաղվա՞ծ է:

-Րաֆֆիի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց այ Մարկոսը, միանշանակ, ազատ է… :

 

Հ.Գ. Ի դեպ, Րաֆֆի Բարսումյանն անցած տարի  նկարահանվել է հայազգի ռեժիսոր Հայկ Համբարձումի «Մեծարենց» ֆիլմում, որը պատմում է ամերիկահայ մի երիտասարդի մասին, ում բախտ է վիճակվում մարմնավորել հայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցին: 

 

 

 

                                                                                                                     Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE