Բեյոնսե՝ MTV Video Music Awards-ի անվանակարգերի առաջատար

12:37   18 հուլիսի, 2014

Բեյոնսեն MTV Video Music Awards-ի անվանակարգերի առաջատարն է։  Երեկ հայտարարվել են նոմինանտների անունները. այս տարի Բեյոնսեն կարող է ստանալ ութ մրցանակ՝ այդ թվում նաեւ «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակը՝ Drunk in Love երգի տեսահոլովակով, որը ձայնագրված է իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ։

Յոթ անվանակարգերում է ներկայացված նաեւ մոլորակի սպիտակամորթ ռեփերի՝ Էմինեմի The Monster երգը։ Գլխավոր անվանակարգում ներկայացված է նաեւ ավստրալացի հիփ-հոփ աստղ Իգգի Ազալիայի Fancy տեսահոլովակը։

«Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում ընդգրկված են նաեւ Մայլի Սայրուսի Wrecking Ball երգի տեսահոլովակը, Սիա Ֆերլեր (Chandelier), Ֆարել Ուիլյամս (Happy)։

Անցյալ տարի ամենաշատ մրցանակներին (անգամ գլխավոր մրցանակին) արժանացած Ջասթին Թիմբերլեյքն այս տարի ընդգրկված է միայն մեկ՝ «լավագույն խորեոգրաֆիա» անվանակարգում՝ «Love Never Felt So Good» երգով։ 

Հայտնի է, որ մրցանակաբաշխության ժամանակ ելույթ են ունենալու Աշերը, Արիանա Գրանդեն եւ 5 Seconds of Summer փոփ-ռոք խումբը։

MTV Video Music Awards տեղի է ունենալու օգոստոսի 24-ին Ինգլվուդում՝ The Forum արենայում։



© NEWS.am STYLE