Վարդավառ. կիսամերկ, թաց, ժպիտներով, ուրախությամբ եւ երջանկությամբ լի Երեւան

20:12   28 հուլիսի, 2014

Երեկ գրեթե մեկ ամբողջ օր Երեւանն ու ողջ Հայաստանը ջրային «արբանքի» մեջ էին։ Հայերը տոնում էին Վարդավառը. տոն, որն իր արմատներով ունի հեթանոսական անցյալ։ Հավանաբար մեզ՝ հայերիս համար Վարդավառն իր կարեւորությամբ երկրորդ (եթե ոչ առաջին) տոնն է՝ զիջելով միայն Ամանորին։ Այդ օրը համայն հայությունը համախմբվում է։ Այս տոնը մեզ դրական զգացումներ է փոխանցում, եւ ամենակարեւորը՝ թույլ տալիս ետ գնալ դեպի մանկություն։ Վարդավառի ժամանակ նայելով հայերին՝ հասկանում ես, որ նրանք ուրախ են, նրանց աչքերը լի բարությամբ ու երջանկությամբ, նրանք երեխաների պես անկեղծ հուզվում են եւ ամենուր կարելի է ծիծաղ եւ ուրախության ճիչեր լսել։ Մեծահասակները երեխա են դառնում, մի կողմ դնում բոլոր կանոններն ու սահմանափակումները, լիարժեք ազատություն, հավասարություն եւ եղբայրություն են զգում։

Ջուրը, որը միմյանց վրա են լցնում, մաքրում եւ քանդում է բոլոր սահմանները։ Մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսին կանք իրականում՝ բարի եւ ազատ։ Մենք վերածվում ենք հեթանոսների՝ չնայած այս տոնն արդեն վաղուց քրիստոնեական է համարվում։ Մեր մեջ խոսում են մեր հեթանոս նախնիները, զգում ենք մեր ու հողի միջեւ եղած կապը եւ հարգանքի տուրք մատուցում Աստղիկ աստվածուհուն։ Այդ օրը բոլոր հայերը ժպտում են։ Փողոցներում ոչ մի մռայլ, անհանգիստ ու մտահոգ դեմք չես տեսնի։ Բոլոր դժվարություններն ու ձախորդությունները նահանջում են. ջուրը սրբում-տանում է ամեն ինչ։ Երբեմն հավերժությունը մեկ ակնթարթում է. թեկուզ կարճատեւ։

Իհարկե, այս տոնի գլխավոր հերոսները երեխաներն են՝ մեր կյանքի ծաղիկները։ Առավոտ կանուխ դույլերով, շշերով, ջրային ֆուտուրիստական ատրճանակներով «զինված» այս մանկահասակ «ահաբեկիչները» թափառում են փողոցից փողոց եւ գիշատիչ ու սեւեռուն հայացքով զոհ փնտրում։ Եվ հենց նշմարում են «չոր» քաղաքացու վայրի աղմուկ աղաղակով անցնում են հարձակման։ Զոհի ճակատագիրը որոշված է. նա չի կարող ոչ փախչել, ոչ էլ թաքնվել։ Եվ ահա զոհը ոտքից գլուխ թրջված, բայց երջանիկ ու հիմար ժպիտով կանգնած է փողոցում։ Պետք է նշել, որ խանութների մուտքերն ու կանգառները այս փոքրիկ «ահաբեկիչների» (ովքեր բացահայտ կանգնում եւ չեն էլ փորձում են թաքնվել) հիմնական տարածքներն են։ 

Միակ բանը, որ անձամբ իմ կարծիքով շատ վտանգավոր է, այն է, երբ փոքրիկ «կամիկաձեները» դույլերով ցանկանում են «ռմբակոծել» անցնող մեքենաները։ Միգուցե ես շատ մեծ եմ մանուկների այդ ջրային ռմբակոծությունների հաճույքը հասկանալու եւ գնահատելու համար։ Ամեն անգամ ես երեխաներին կոչ եմ անում ավելի զգույշ լինել։ Բայց ավաղ, իմ կոչը «խլանում է» երեխաների հնչեղ ծիծաղի եւ ջրի ձայների մեջ։ Եվ ես, հետեւելով իմ տատիկին, աչքերս վերեւ եմ հառում եւ խնդրում աստվածներին, որ պահպանի եւ այս «ջրային ահաբեկիչներին», եւ վարորդներին... 

Կիսամերկ, թաց, ժպիտներով, ուրախությամբ եւ երջանկությամբ լի Երեւան, այրող արեւից հանգստացած, անիմաստ եւ անպետք կանոններին պարտադիր հետեւելու անհրաժեշտությունից ազատված, եւ երեկոյան անձրեւի տեսքով երկնքից ուղարկված հրաշքով պարուրված քաղաք։ Ես համոզված եմ, որ Աստղիկ աստվածուհին, չկարողանալով դիմադրել այս հաճույքին, որոշել է միանալ հայերի միասնական եւ համընդհանուր այս տոնին՝ ուղարկելով իր օրհնությունը...

 

 

Ալեքս Ալիխանյան 



© NEWS.am STYLE