Օգոստոսի 17-ին տեղի կունենա մեղրի եւ հատապտուղների փառատոնը (ֆոտո)

15:01   14 օգոստոսի, 2014

Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանը  եւ «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամը օգոստոսի 17-ին կազմակերպում են ամենամյա մեղրի եւ հատապտուղների փառատոնը։

Փառատոնը  կազմակերպվում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության եւ Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Արդեն 3 տարի է, ինչ կազմակերպվում է այս փառատոնը։ Վերջինիս նպատակն է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը նպաստելը՝  մեղվաբուծությունը եւ հատապտուղներով պահածոյացումը։ Փառատոնի շրջանակներում լինելու է նաեւ համերգային ծրագիր՝ երգ, պար։ Այս տարի մեզ շատ արտիստներ են միացել։ Նրանք բարեգործական նկատառումով ցանկություն են հայտնել միանալ մեզ, որը շատ ողջունելի է»,- ասաց Հայկը։

Նշենք, որ այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները, ինչպես նաեւ տեղական ձեռագործի ցուցադրության-վաճառքի ականատես լինել։

«Մեղրի եւ հատապտուղների ամենամյա փառատոնը յուրովի հրավեր է զորակից լինելու Բերդ համայնքին եւ տարածաշրջանին։ Այս միջոցառման նպատակն է նաեւ նպաստել տուրզմի զարգացումը, որը շատ կարեւոր է այս տարածաշրջանի համար, քանի որ Տավուշի մարզը  Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկն է», -հավելեց  Հայկը։



© NEWS.am STYLE