Մանե Ջեքսոն. Մայքլ Ջեքսոնի հայազգի «նմանակը»

11:42   26 օգոստոսի, 2014

17-ամյա Մանե Բաղդասարյանը փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենամեծ երկրպագուներից է։ Համացանցում հայտնի է Մանե Ջեքսոն կեղծանվամբ։ Աղջիկը ոչ միայն լսում եւ սիրում է փոփի արքայի երգերը, այլեւ կրկնօրինակում նրա կերպարը, շարժումները...

 

Մանեն նոր է ավարտել դպրոցն ու ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստի ֆակուլտետ։ Իր խոսքով՝ սերը Ջեքսոնի հանդեպ ձեւավորվել է մանկուց։

«Մեր տանեցիները միշտ դատապարտված էին առավոտից երեկո դիտել Ջեքսոնի համերգները, տեսահոլովակները։ Երբ դարձա 12 տարեկան, սկսեցի նմանակել նրան, անել լուսանկարներ, վիդեոներ»,-պատմում է երիտասարդ աղջիկը։


Մանեն նշում է, որ Ջեքսոնն անմահ է։

«Ջեքսոնը միշտ կապրի իր երաժշտությամբ, իր թողածով, այն ամենով, ինչով եւ դրոշմվեց մարդկանց գիտակցության մեջ։ Լեգենդ, հավերժ լուսնային քայլվածք անող մի անզուգական կերպար»։

 

Մայքլ Ջեքսոնի հայազգի «նմանակը»  չի պատրաստվում հրաժարվել իր կուռքին նմանակելուց։

«Ես միշտ կսիրեմ նրան՝ անկախ իմ տարիքից, եւ չեմ դադարի հագնվել նրա նման նույնիսկ եթե 80-ն անց ծեր կին լինեմ»,-նշեց նա՝ հավելելով.


«Ես միշտ չէ, որ այդ կերպարում եմ։ Ջեքսոնի կերպարից զատ, ես ունեմ իմ սեփական ոճը, որի դետալները հենց Մայքլից եմ վերցրել։ Օրինակ՝ ինձնից անպակաս են սեւ գլխարկը, փայլուն կոշիկները, կոստյումները, նրա նկարով զարդերը եւ այլն»։ 


Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE