Աշնանային դիմահարդարում. հիմնական կանոններն ու գույները

17:30   2 սեպտեմբերի, 2014

Տարվա յուրաքանչյուր եղանակ յուրահատուկ մոտեցում է պահանջում, եւ սա վերաբերում է ինչպես հագուստին, այնպես էլ սանրվածքին եւ դիմահարդարմանը։ Այսօր ոչ մի նորաձեւ աղջիկ տանից դուրս չի գալիս առանց շպարի։ Հատուկ նրանց համար NEWS.am STYEL-ը ներկայացնում է աշնանային դիմահարդրաման հիմնական սկզբունքները, կանոններն ու գույները։


Եվ այսպես, ամառն անցյալում է, ինչը նշանակում է, որ համարձակորեն կարելի է դիմահարդարվել՝ առանց մտածելու շոգի մասին։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է օգտագործել կոսմետիկ պայուսակում առկա շպարի բոլոր տեսակները։ Աշունը նույնպես որոշ սահմանափակումներ է դնում դիմահարդարման մեջ։

Առօրյա աշնանային դիմահարդարումը չպետք է լինի բազմագույն, չափից դուրս չճան։ Այս եղանակին ցանկալի է օգտագործել շագանակագույնի բոլոր երանգները, կաթնագույնը, բեժը, սպիտակը, ծիրանագույնը, ոսկեգույնը, մոխրագույնը, սեւը եւ, իհարկե, կարմիրը։

Աշնան համար ընտրեք կարմիր շրթներկի սառը երանգները՝ խուսափելով նարնջագույնից եւ շատ վառ կարմիրից։ Բորդոն, բալագույնը տեղին կլինեն այս սեզոնին։ Դե, իսկ սեզոնի գլխավոր հիթ շագանակագույն եւ դեղձագույն շրթներկի մասին էլ չեմ նշում՝ ինքներդ գիտեք, թե որքան նորաձեւ են դրանք այս շրջանում։

Աչքերը ներկելու համար կարող եք օգտագործել ինչպես մեկ, այնպես էլ երկու գույնի ստվերաներկ։ Դա կարող է լինել բեժի, սպիտակի, կաթնագույնի, ծիրանագույնի համադրությունը մուգ շագանակագույնի, բրոնզագույնի եւ ոսկեգույնի հետ։

Այդքան էլ ցանկալի չէ սեւ գույնը։ Դրա փոխարեն նախապատվությունը տվեք մոխրագույնին։ Ընդհանրապես, աշնանը բնորոշ են տաք գույներ, ուստի աշխատեք, որպեսզի դիմահարդարման շեշտը նույնպես դրվի տաք գույների վրա։

Սառը երանգները, օրինակ՝ սպիտակը սեւի հետ, սեւ «սմոքի այը» եւ երեկոյան դիմահարդարմանը բնորոշ մուգ երանգները պետք է հնարավորինս քիչ օգտագործել աշնանը դիմահարդարվելիս։


Երանգաքսուք կարող եք ընդհանրապես չօգտագործել, սակայն եթե մաշկի հետ կապված խնդիրներ կան, եւ նման քսուքի օգտագործումն անխուսափելի է, ապա հրաժարվեք շոկոլադագույնից եւ արեւայրուք հիշեցնող ցանկացած այլ երանգի քսուքներից. մի' մոռացեք, որ ամռան անցել է, իսկ աշնանը նման երանգի մաշկը անչափ արհեստական կդիտվի։

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE