Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Շուշան Պետրոսյանը եւ այլ հայտնիներ՝ «Անահիտ» մուլտֆիլմում

11:02   11 սեպտեմբերի, 2014

Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Օրեր առաջ կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա էին ստեղծագործական անձնակազմը. հայտնում է «Շարմ Հոլդինգ»-ը:

 

Հայկական առաջին լիամետրաժ հեքիաթի երաժշտական էկրանավորումն իսկական նախամանորյա նվեր կլինի թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան եւ որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրություն:

«Մենք պահպանել ենք հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաեւ սիրել»,- ասում է Դավիթ Սահակյանցը:

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վարդան Զադոյանը:


Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:

Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը: Սցենարի հեղինակներն են՝ Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լեւոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, իսկ կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը:

Երեւանյան պրեմիերայից հետո «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոներում:



© NEWS.am STYLE