Նոր կատագերգություն Հայկ Մարությանի մասնակցությամբ՝ «Սուպեր մամա». Էքսկլյուզիվ NEWS.am STYLE

21:25   24 սեպտեմբերի, 2014

Հայկ Մարությանը, Վահագն Խաչատրյանն ու Արման Մարությանը շուտով կներկայացնեն նոր կատակերգություն, որը կոչվում է «Սուպեր մամա»:

Ֆիլմի մասին NEWS.am STYLE-ը զրուցեց դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Մարությանի հետ:

Հայկ, ի՞նչի մասին է Ֆիլմը:

Ֆիլմը մի հերոսի մասին է, ով տարբեր ճանապարհներով գումար է աշխատում՝ ոչ ազնիվ, եւ գալիս է մի ժամանակ, երբ այդ ճանապարհները սպառվում են, եւ նա մնում է փողոցում միայնակ: Ո՛չ տուն է ունենում, ո՛չ մեքենա: Մի օր նա պատահական թերթում ընթերցում է մի հոդված, որտեղ գրված է լինում, որ ինչ-որ բարեգործական կազմակերպություն միայնակ մայրերին տուն են տալիս եւ գումար, որպեսզի երեխաներին խնամեն: Գլխավոր հերոսը որոշում է կերպարանափոխվել, այսինքն՝ կնոջ կերպարով հանդես գալ, որպեսզի կարողանա օգտվել այդ ծառայություններից: Եվ սկսվում է իրադարձությունների շատ հետաքրքիր եւ անսպասելի զարգացում: Իսկ ֆիլմի վերջում happy end է: Հերոսը սիրահարվում է բարեգարծական կազմակերպությունում աշխատող մի աղջկա: Ֆիլմի ընթացքում նրանց միջեւ լինում է ե՛ւ սեր, ե՛ւ բաժանում, բայց վերջում նրանք միանում են:

Ֆիլմի մտահաղացումն ու՞մն է եղել եւ ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ:

Մտահաղացումը եղել է մերը՝ նույն «Ալաբալանիցա» ֆիլմի թիմինը: Պարզապես պահը հասունացել էր, եւ մենք որոշեցինք ներկայացնել եւս մեկ ֆիլմ, որը, իհարկե, ունի իր ասելիքը: Ճիշտ է, այն կատակերգություն է, բայց հումորի միջոցով եւս կարող ես ինչ-որ բան ասել: Ֆիլմի վերջում դիտողն ամեն ինչ կհասկանա:

Ո՞վ է մարմնավորել գլխավոր հերոսի կերպարը եւ ովքե՞ր են խաղացել ֆիլմում:

Գլխավոր հերոսին մարմնավորել եմ ես, որտեղ, ինչպես արդեն հասկացաք, երկու դեր եմ խաղացել՝ կնոջ եւ տղամարդու: Մյուս դերերում հանդես են եկել Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Արման Մարտիրոսյանը: Ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, ովքեր եղել են նաեւ «Ալաբալանիցա»-ի ռեժիսորները: Ֆիլմի սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ համահեղինակը ես եմ:

Ինչպե՞ս եք ընտրել դերասանական այս կազմը:

Ֆիլմի պրոդյուսերը ես եմ, բայց Արմանի եւ Վահագի հետ միասին ենք ընտրել դերասանական կազմը: Շատ լավ դերասաններ են, որոնց հետ շատ անգամներ աշխատել ենք: 

Նշեցիք, որ երկու դեր եք մարմնավորելու՝ կնոջ եւ տղամարդու: Հե՞շտ էր խաղալ միայնակ մոր կերպարը:

Ճիշտ է, «Կարգին հաղորդման» ժամանակ կնոջ դերեր շատ եմ խաղացել, բայց սա ինձ համար նոր կերպար էր: Չեմ ասի, որ դժվար էր, բայց կասեմ, որ շատ հետաքրքիր էր: Տղաների ասելով՝ այն ինձ մոտ շատ լավ էր ստացվում: Իմ կարծիքով, դա նրանից էր, որ ես ամբողջությամբ կերպարի մեջ էի մտել: Բավականին հետաքրքիր կերպար է ստացվել:

 Ֆիլմի նկարահանումը միայն Հայաստանում է եղե՞լ:

Իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանում եւ, ըստ այդմ, նկարահանումները միայն Հայաստանում են եղել: Չեմ նշի, թե որտեղ, բայց կասեմ, որ Հայաստանի մի շարք վայրերում: Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր Հայաստան ենք ստացել: Ինքս, որ նայում եմ, այնպիսի տպավորություն է, որ մի ուրիշ երկրում ենք նկարել: Հավատացեք, օրինակ, մեր նկարած Դիլիջանը ավելի գեղեցիկ է, քան Շվեցարիան: Նույնը եւ մայրաքաղաք Երեւանը: Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր քաղաքը եւ մարզերը գեղեցիկ ներկայացնենք:

Ո՞րքան է տեւել ֆիլմի նկարահանման ընթացքը:

Մենք Ֆիլմը նկարել ենք մի ամսվա ընթացքում, բայց ֆիլմում իրադարձությունները զարգանում են մեկ տարվա մեջ: Իսկ ֆիլմի տեւողությունը մեկ ժամ հիսուն րոպե է:

Հայկ, բացի այս ֆիլմից այս ընթացքում ինչո՞վ եք զբաղվել:

Միայն այս ֆիլմի վրա եմ աշխատել, քանի որ ցանկացել եմ շատ լավ որակով աշխատանք նեկայացնել: Իհարկե, կան շատ նախագծեր, որոնք կիրագործվեն, սակայն դեռես չեմ ցանկանա դրանց մասին խոսել:

Իսկ Ձեզ կտեսնե՞նք կրկին եթերում:

Ինչպես գիտեք, ես ինքս եմ ստեղծում իմ հաղորդումները, եւ եթե պայմանները բավարարեն իմ պահանջներին եւ որակով աշխատանք ստանանք, ապա կտեսնեք եթերում, քանի որ ես սիրում եմ, որ ամեն ինչ, ինչ-որ անում եմ, պետք է լինի որակյալ:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը 



© NEWS.am STYLE