«Գիտությունը իմ կինն է, գրականությունը՝ սիրուհին». Հայաստանում է Յանուշ Վիշնեւսկին

17:30   26 սեպտեմբերի, 2014

«Գրական տապան» ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել լեհ հայտնի գրող Յանուշ Վիշնեւսկին: Գրողն այսօր Երեւանի Կամերային թատրոնում հանդիպում ունեցավ իր ընթերցողների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաե NEWS.am STYLE-ի լրագրողը եւ ֆիքսել հանդիպման հիշարժան պահերը եւ գրողի մտքերը:

«Շատ ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ այցելում եմ Հայաստան: Ուրախ եմ, որ իմ գիրքը թարգմանվել է հիասքանչ հայերենով: Հուսով եմ՝ մի օր ես էլ կկարողանամ խոսել ձեր լեզվով: Ուրախ եմ, որ կարող եմ հանդիպել իմ հայ ընթերցողների հետ, շնորհակալ եմ, որ եկել եք»,-նշեց նա:

Խոսելով իր գրքերի մասին, Վիշնեւսկին ասաց.

«Կանայք անհավանական պատմություններ են պատմում, որոնք ես օգտագործում եմ իմ գրքերում: Շատերը կարծում են, թե իմ գրքերը կանանց համար են, բայց ոչ՝ դրանք տղամարդկանց համար են, քանի որ կանայք այդ ամենը վաղուց գիտեն: Ես շատ կուզենամ, որ իմ գրքերը կարդան նաեւ տղամարդիկ»:

Պատասխանելով հարցին, թե ինչի մասին է նա երազում, գրողն անկեղծացավ. «Ես կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ, որպեսզի այն անցկացնեի ինձ համար թանկ մարդկանց հետ: Ցավոք, ես այդ ժամանակը չունեմ, քանի որ զուգահեռ երկու կյանք եմ ապրում: Մեկը՝ գիտնականի, ով առավոտից մինչ երեկո աշխատում է, եւ գրողի, ով գրում է շաբաթ-կիրակի օրերին: Գիտությունը իմ կինն է, գրականությունը՝ սիրուհին»:


Շատերը համարում են, որ Վիշնեւսկին տխուր բաների մասին է միայն գրում, սակայն գրողը պնդում է, որ կյանքն է այդպիսին: «Ես գրում եմ տխրության մասին, քանի որ կյանքում շատ տխրություն կա: Ես, իհարկե, կարող եմ նաեւ գրել երջանկության մասին, պարզապես դա հետաքրքիր չի լինի: Երջանկությունը ձանձրալի է»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ վաղը տեղի կունենա Վիշնեւսկու «Գրանդ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE