Կայացավ Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպի շնորհանդեսը

12:35   27 սեպտեմբերի, 2014

Էօն հակասրճարանում երեկ՝ սեպտեմբերի 26-ին, կայացավ «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված, ժամանակին թեժ եւ բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպի շնորհանդեսը: 1960-1990-ականների հիպիական շարժումն ու Եվրոպայի մշակութային հեղափոխությունը ներկայացնող վեպն առաջին անգամ լույս է տեսել 1998-ին՝ ֆրանսերենով, հետո թարգմանվել նաև ռուսերեն ու մեծ ճանաչում գտել նաեւ հետխորհրդային երկրներում:

«Տարական մասնիկներ» վեպը տպագրվել է «Անտարես» հրատարակչությունում:

«Միշել Ուելբեքի վեպը 15 տարի է առաջին 5-յակի մեջ է: Կարողեմ ասել, այն իմ ինքնաթիռի գիրքն է, ամեն անգամ ինքնաթիռում սիրով ընթերցում եմ այն: Երբ ավարտեցի գիրքը կարդալ, ընկերներիցս մեկը ինձ հարցրեց, թե ինչի՞ մասին էր, ես միանգամից պատասխանեցի՝ ֆրանսիական սոցիալական հեղափոխության: Եվ այդ ժամանակ հասկացա Ուելբեքի ուժը, ով իր ստեղծագործությունով կարողանում է մարդկանց մեջ հեղափոխության շունչ հաղորդել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Գրքի շնորհանդեսը հիպիական ոճով էր: Միջոցառման ընթացքում բիթնիկ երաժշտություն նվագեցին  Էդգարը եւ Հենրիխը, բացի այդ ներկաներին ցուցադրեցին երեւանյան հիպիների մասին պատմող արխիվային էքսկլուզիվ տեսաշար:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Երվանդ Երզնկյանը, Զավեն Սարգսյանը, ովքեր ներկաներին ողջունեցին իրենց կատարումով:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ««Երազողներն» էլ տարրական մասնիկն էին աշխարհը մաքուր էջից կառուցելու գործում: Այս իսկ պատճառով որոշեցինք, որ «Երազողները» նույնպես մասնակիցը լինեն այս շնորհանդեսին: Հետաքրքիրն այն է, որ նրանք այսօրվա երաժշտությունը չեն ընդունում: Երբ երիտասարդ կատարողներ ինչ-որ երգեր են երգում նրանք ուղղումներ են կատարում: Բայց ասում էին, որ կարեւորը լավ նվագում է, երգել՝ կսովորի»:

Հատկանշական է, որ 60-ական շունչ հաղորդող միջոցառմանը ներկա էին բազում երիտասարդներ, ովքեր փորձել էին ներկայանալ հիպիական ոճով:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE