Ինչպես ճիշտ հեռացնել դիմահարդարումը

20:09   3 հոկտեմբերի, 2014

Դիմահարդարման սխալ հեռացումը կարող է մեծապես վնասել դեմքի մաշկը, հետեւաբար շպարը պետք է նուրբ ու մերսող շարժումներով հեռացնել։ Դեկորատիվ կոսմետիկ միջոցները հեշտությամբ կարող են միախառնվել փոշու հետ եւ թույլ չտալ, որ մաշկը շնչի, որն էլ իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ մաշկի վիճակի վրա։ Բացի այդ, աղտոտված ծակոտիները բարենպաստ միջավայր են ստեղծում նաեւ մի շարք բակտերիաների ու միկրոբների զարգացման համար, ինչն էլ դարձյալ բորբոքային գործընթացների ու այտուցների առաջացման պատճառ է դառնում։

Իհարկե, դիմահարդարումը հեռացնելու ամենաարագ միջոցը լվացվելու համար նախատեսված գելերի, փրփուրների եւ մուսերի օգտագործումն է, եւ  այն իրականացնելու համար կպահանջվի ընդամենը 5 րոպե։ Սակայն այս մեթոդը կիրառելի չէ չոր եւ զգայուն մաշկի, իսկ ձմռանը նաեւ նորմալ մաշկի համար։


Ամենից առաջ պետք է հասկանալ, թե ինչ միջոց է անհրաժեշտ աչքերի շպարը մաքրելու համար։ Իհարկե, կարելի է գնել որոշ կոսմետիկ միջոցներ, բայց պետք չէ նաեւ անտեսել տնային պայմաններում պատրաստվողները։

Օրինակ, դիմահարդարումը մաքրելու համար կարելի է օգտագործել ձիթապտղի կամ կոկոսի յուղ, սովորական վազելին, ունիվերսալ կամ մանկական քսուք, ինչպես նաեւ մանկական հատուկ յուղեր, որոնք շատ լավ կարող են հեռացնել կոսմետիկ միջոցները. հատկապես զգայուն եւ շուտ գրգռվող մաշկի դեպքում։  

Ի դեպ, պետք է հիշել, որ աչքերի շուրջ գտնվող մաշկը մաքրելիս պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինել եւ այդ գործընթացը կատարել մերսող, նուրբ շարժումներով, քանի որ դեմքի մաշկի այս հատվածը չափազանց զգայուն է։ Մյուս կարեւոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ աչքերի շպարը մաքրելիս չպետք է ոչ շատ սառը, ոչ շատ տաք ջուր օգտագործել. լավագույն տարբերակը սենյակային ջերմաստիճանի զովացրած կանաչ թեյն է։

Դիմահարդարման հեռացման համար անհրաժեշտ է ոչ միայն հատուկ միջոցներ, այլեւ բամբակյա հատուկ բարձիկներ։ Ըստ կոսմետոլոգների՝ այս հատուկ բամբակները ոչ միայն մարքեթինգային հաջող քայլ է, այլեւ օգտակար միջոց դիմահարդարման հեռացման համար, քանի որ սովորական բամբակն օգտագործման ժամանակ շերտավորվում է եւ  մնացորդներ թողնում մաշկի վրա։ Սովորաբար այս գործընթացի համար անհարժեշտ է 3-5 բամբակյա հատուկ բարձիկներ։

 

Աղբյուրը՝ krasota.dobro-est.com



© NEWS.am STYLE