Թոմաս Ն’Էվերգրինը`Եվա Ռիվասի, Սոնա Ռուբենյանի և հայկական դուդուկի մասին. Exclusive NEWS.am STYLE

12:05   29 սեպտեմբերի, 2014

2003 թ-ին եվրոպական հիթ շքերթները  գլխավորում էին դանիացի երգիչ Թոմաս Ն’էվերգրինի միանգամից երկու` «Every Time I See Your Smile» և «Since You’ve Been Gone» երգերը: Հայ հանդիսատեսը Թոմասին ճանաչում է նաև  «In a Moment Like This»  երգով, որով երգիչը Քրիստինա Շանիի հետ ներկայացրեց Դանիան «Եվրատեսիլ 2010»-ին:

NEWS.am STYLE-ն իր բացառիկ հարցազրույցում Թոմասը պատմել է ոչ միայն այդ տարի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասի, այլև «Նոր Ալիք 2014»-ի մեր ներկայացուցչի` Սոնա Ռուբենյանի մասին:

- Թոմա՛ս, ինչո՞ւ որոշեցիք Ձեր Քրիստանսեն ազգանունը փոխարինել  «N’Evergreen» (թարգմանաբար`«Երբեք չկանաչող» ) կեղծանվամբ:

- N’evergreen-ն, ասես, բառախաղ լինի: Այն հնչել է իմ «Don’t Give Up» («Մի՛ հանձնվիր») երգի մեջ, որտեղ կան հետևյալ տողերը` «Could this be an evergreen» (երանի՜ այն ընդմիշտ կանաչ լիներ), բայց ձայնագրվելուց հետո, այդ տողը հնչեց հետևյալ կերպ` «Could this be a nevergreen» (երանի՜ այն երբեք կանաչ չլիներ): Մենք մտածեցինք, որ այդպես շատ զվարճալի է հնչում:) Այսպիսով` ձայնգրման ստուդիայի իմ ղեկավարը` Քյելդ Ուեննիքը, մտածեց, որ դա շատ լավ անուն կլինի ինձ համար, իսկ քանի որ նա երբեք չէր սխալվում, այն դարձավ իմ բեմական կեղծանունը… չգիտեմ` որքանով է այն լավ հնչում:)

- Երբվանի՞ց հասկացաք, որ հենց երաժշտությամբ պետք է զբաղվեք:

 -Ես միշտ զբաղվել եմ երաժշտությամբ: Այն ինձ օգնում է փախչել իրականությունից: Դեռ փոքրուց ես շրջապատված եմ եղել երաժշտությամբ: Մեր տանը միշտ հնչում էր Beatles, դասական երաժշտություն, ջազ, իսկ մայրս ու հայրս տիրապետում էին երաժշտական գործիքների… ես էլ շատ երիտասարդ տարիքից նրանց հետ դաշնամուր և կիթառ էի նվագում: 5 տարեկանում ես սիրահարվեցի թմբուկին և այդ ժամանակ երազում էի դառնալ թմբկահար…

- Բայց դարձաք երգիչ, իսկ Ձեր «Since You’ve Been Gone» երգը («Այն ժամանակվանից, երբ հեռացար») ժամանակին դարձավ մեգահիթ: Սպասո՞ւմ էիք նման հաջողության:

- Մինչ «Since You’ve Been Gone»-ը, իմ «Every Time I See Your Smile»  («Ամեն անգամ, երբ տեսնում եմ քո ժպիտը») երգը ևս մեծ ճանաչում ունեցավ, այդ պատճառով էլ  «Since You’ve Been Gone»-ի հաջողությունն ինձ այդքան էլ չզարմացրեց: Ինձ դուր էր գալիս այդ երգի դրամատիզմը, հանդարտությունը, կրկներգը… այնպես որ` կարծում էի, որ բնական կլիներ, եթե այն մյուսներին էլ դուր գար: Այդ ժամանակ մտածեցի` լավ է, որ, վերջապես, մարդիկ գնահատեցին իմ տաղանդը: Չէի էլ կարողանում գիտակցել, թե ինչ զգացում է առաջին հորիզոնականներում լինելը և թե որքան հաջողակ էի ես:


- Թոմա՛ս, արդեն երկար տարիներ է, ինչ բնակվում եք Ռուսաստանում: Ինչո՞ւ որոշեցիք բնակություն հաստատել այնտեղ:

- Սկզբում Ռուսաստան եկա «Every Time I See Your Smile» երգի հաջողությունից հետո: Համերգներով հանդես եկա Պետերբուրգում, Մոսկվայում, իսկ հետո սիրահարվեցի մի աղջկա: Մենք միասին ապրեցինք մոտ 3 տարի: Այժմ մենք միասին չենք, բայց ես այստեղ շատ ընկերներ ունեմ, ունեմ իմ ձայնագրման ստուդիան և հաճախ եմ համերգներով հանդես գալիս: Մոսկվայում միշտ էլ ինձ համար տեղ կա: Իսկ դուստրս բնակվում է Դանիայում, և ես հաճախ եմ լինում այս երկու երկրներում:

- 2010 թ-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում Դուք ներկայացրել եք Դանիան: Որքանո՞վ եք կարևորում այս մրցույթը:

-Չեմ կարծում, թե «Եվրատեսիլը» շատ կարևոր մրցույթ է, անգամ այն դեպքում, երբ հաղթում ես:  Դժվար է բացատրել, թե ինչու է ինչ-որ մեկն ուզում ելույթ ունենալ 150 միլիոնանոց հանդիսատեսի առջև, բայց դա ինձ դուր է եկել:)

- Ի դեպ, այդ տարի Հայաստանը «Apricot Stone» երգով ներկայացնում էր Եվա Ռիվասը: Ի՞նչ կասեք նրա մասին:

-Նրա երգն ինձ համար ամենահիշվողներից էր: Ինձ դուր է եկել դրա ռիթմն ու բեմականացումը: Ինչ վերաբերում է Եվային, նա շատ լավ երգչուհի լինելուց բացի, նաև գեղեցկուհի և շատ պրոֆեսիոնալ կատարող է: Շատ եմ հավանել նաև երգում հնչող դուդուկի զգացմունքային հատվածը: Շատ լավ միտք է «Եվրատեսիլում» ազգային տարրեր ներկայացնելը: Հայաստանը միշտ էլ լավ արդյունքներ է գրանցում այս մրցույթում:

-Դուք «Նոր Ալիք 2014»-ի հատուկ հյուրերից էիք: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը մեր այս տարվա ներկայացուցչի` Սոնա Ռուբենյանի մասին:

-Սոնան, իսկապես, Յուրմալայում շատերիս զարմացրեց իր հզոր ձայնով և երգելու հիանալի  տեխնիկայով: Ես համոզված եմ` նա այնպիսի երգչուհի է, որի մասին ապագայում մենք դեռ շատ ենք լսելու:


-Թոմա՛ս, մի շարք համագործակցություններ եք ունեցել Ռուսաստանյան շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ, որոց թվում են` Լեոնիդ Ագուտինը, Քրիտինա Օրբակայտեն, A Studio խումբը:  

-Հիմա աշխատում եմ իմ նոր ձայնասկավառակի վրա, որտեղ ևս ընդգրկված կլինեն այլ արտիստների հետ համագործակցություններ: Այս պահին Լոնդոնի երգչուհիներից մեկի` Lady D-ի հետ աշխատում ենք նոր երգի վրա:

- Իսկ Հայաստան այցելելու ծրագրեր ունե՞ք:

 -Հուսով եմ` շատ շուտով Երևանում հանդես կգամ համերգով: Հիմա շրջագայությունների մեջ եմ և շատ կցանկանայի տեսնել ձեր երկիրը:

- Ինչ-որ բան կցանկանայի՞ք փոխանցել Ձեր հայ երկրպագուներին:

-Շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգերը: Հուսով եմ` շուտով կհանդիպենք:)

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE