14:25 29 սեպտեմբերի, 2014Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, ում շատերը կհիշեն «Եղբայրները», «Անուրջներ», «Մամա» եւ «Տնփեսա» սերիալներից, ինչպես նաեւ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմից, պատրաստվում է նկարահանվել նոր ֆիլմում՝ ռուս դերասանների մասնակցությամբ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, Ալինան չցանկացավ բացել փակագծերը՝ նշելով միայն, որ ֆիլմի նկարահանումները կընթանան այստեղ՝ Հայաստանում։
Դերասանուհին այս ընթացքում նկարահանվել է նաեւ Հրանտ Երիցկինյանի նոր ֆիլմում, ինչպես նաեւ «Տնփեսայի» նոր եթերաշրջանում, որը կմեկնարկի շուտով։

Խոսելով իր առօրյայից, դերասանուհին նշեց, որ նա գրեթե միշտ տանն է լինում, քանի որ տան մարդ է։ «Մայրիկիս հետ այնքան հետաքրքիր է անցնում։ Նա իմ ընկերուհին է։ Միասին ենք շրջում խանութներով, գնումներ կատարում։ Շատ հետաքրքիր են իմ օրերն անցնում տանը, իմ տունը շատ եմ սիրում։ Բացի այդ, տղայիս հետ եմ միշտ տանը լինում, միասին ֆիլմեր ենք նայում»,-նշեց Ալինան։

Դերասանուհին ափսոսում է, որ «Մամա» սերիալն անավարտ մնաց։ Ըստ նրա՝ այն շատ ուսուցողական էր։ «Սովորեցնում էր հարգել ծնողին, սիրել։ Շատ նամակներ էի ստանում Եվրոպայից, այնտեղի հայերը շատ սիրել են այդ սերիալը։ Ժողովուրդը սիրեց այն, քանի որ այնտեղ չկար կրիմինալ եւ մարդասպանություն, թշնամություն հարազատների հանդեպ»,-ասաց Ալինան։

Ալինա Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր երազանքներից է դուստր ունենալը։ NEWS.am STYLE-ը հետաքրքրվեց դերասանուհուց, թե, ըստ նրա, երբ կկարողանա իրականացնել իր երազանքը։ «Չգիտեմ, երբ ամուսնանամ»,-ասաց նա՝ չցանկանալով բացահայտել, թե գտե՞լ է արդյոք իր կյանքի տղամարդուն։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որպեսզի գրավի Ալինայի սիրտը։
«Տղամարդը պետք է լինի տղամարդ՝ ամեն առումներով։ Ամեն տաբատ հագնող չէ, որ տղամարդ է։ Նա պիտի լինի այն սյունը, որի վրա ես կհենվեմ։ Աստված տա՝ այս տարի մի բան ստացվի, եւ ես վերջապես ունենամ լիարժեք ընտանիք»,-եզրափակեց նա։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը