Chanel-ի շլացուցիչ ցուցադրությունը Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում

20:09   30 սեպտեմբերի, 2014

Կայացավ Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի աղմկահարույց ցուցադրություններից մեկը. խոսքն իհարկե, Chanel-ի մասին է։

Grand Palais-ի ապակե գմբեթի ներքո Կարլ Լագերֆելդը նորաձեւության շոուն վերածել էր իսկական ցույցի։

Երկար ոտքերով մոդելները վստահ քայլերով առաջ էին շարժվում «փողոցով»՝ ցուցադրելով իրենց տվիդե ժակետները, զգեստները, վերարկուները, ինչպես նաեւ իրենց մեծ պաստառները, որոնց վրա գրված էին՝ «Առաջ, կանայք», «Եղիր յուրահատուկ», եւ նման այլ խոսքեր։

Ցուցադրության, կամ կարելի է ասել ցույցի պարագլուխը հայտնի մոդել Կարա Դելեվինն էր։

Բացի այս բրիտանացի գեղեցկուհուց, բեմ բարձրացան նաեւ Ժիզել Բունդհենը, Քենդալ Ջենները եւ Ջոան Սմոլսը։

Հավաքածուն պակաս պայծառ ու երփներանգ չէր, եւ չէր զիջում շոուին։ Մոդելներից շատերն ասես նորաձեւության քոլեջի ապստամբ ու խռովարար ուսանողներ լինեին։

 




© NEWS.am STYLE