17:22 2 հոկտեմբերի, 2014Հաղորդավարուհի եւ դերասանուհի Յանա Դանիելյանն այն զբաղված մայրիկներից է, ով միշտ հասցնում է ժամանակ գտնել թե' ընտանիքի, թե' տնային գործերի համար։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երիտասարդ մայրիկը պատմեց իր առօրյայի, աշխատանքի եւ դստեր՝ Ադելի մասին։

Ինչո՞վ եք այժմ զբաղված, ի՞նչ նախագծերում եք հանդես գալիս։
Աշխատում եմ Հայկական 2-րդ հեռուստաալիքում, վարում եմ «Ի՞նչ եփել այսօր» ծրագիրը։
Պատմե'ք մի փոքր Ձեր առօրյայի մասին։ Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս։
Օրս սկսվում է առավոտյան ժամը 9-ից՝ Ադելին մանկապարտեզ տանելով։ Վերադառնալուն պես՝ շատ արագ անում եմ տնային գործերս եւ շտապում աշխատանքի։ Աշխատանքից անմիջապես հետո վերցնում եմ Ադելին մանկապարտեզից եւ միասին ինչ-որ տեղ ենք գնում՝ սրճարան, այգի, գնումների...Իսկ այն օրերին, երբ աշխատանքի չեմ, օրը սկսում եմ նույն կերպ, պարզապես աշխատանքի գնալու փոխարեն, զբաղվում եմ այլ՝ եւս աշխատանքային, բայց արդեն եթերից դուրս գտնվող իմ գործերով։ Քանի որ ես շաբաթ օրերն էլ եմ աշխատում, իմ միակ հանգստայն օրը կիրակին է, երբ ես փորձում եմ լիարժեք հանգստանալ, այսինքն՝ հնարավորինս չանել ոչինչ, սակայն դա միշտ չէ, որ ստացվում է։

Կա՞ն չիրականացված երազանքներ, կամ ինչի՞ մասին եք երազում։
Երազանք, որպես այդպիսին, չունեմ, ունեմ նպատակներ, որոնք քայլ առ քայլ կատարում եմ։
Ի՞նչը կարող է Ձեզ կոտրել կամ հիասթափեցնել։
Թող կոպիտ չհնչի, բայց ինձ կոտրել ոչինչ չի կարող, բայց կարող է հիասթափեցնել սուտը, անհավատարմությունը եւ իմ վստահության չարաշահումը։
Ամենալուսավոր բանը, որ եղել է ու կա Ձեր կյանքում։
Ամենալուսավոր բանը, որ կա ու կլինի իմ կյանքում, իմ աղջիկն է, ում ամեն մի քայլով ուրախանում եմ եւ հպարտանում։ Ադելը շատ արագ տեմպերով մեծանում է, եւ ոչ միայն հասակով կամ կիլոգրամներով, այլ նաեւ իր մտածելակերպով եւ կյանքի ընկալմամբ։ Դա ինձ զարմացնում է։ Չէի պատկերացնի, որ աղջիկս երեք տարեկանում նման հարցեր կարող է ուղղել ինձ։

Երկրորդ բալիկ պլանավորու՞մ եք ունենալ։
Երկրորդ երեխայի մասին մտածելը դեռ շատ շուտ է, կյանքում ամեն ինչ պետք է իր ժամանակին լինի։
Զրուցեց՝ Շ.Շ.