Ներքնազգեստ արտադրող ընկերությունն ավելի քան 1 միլիոն դոլար է վճարել սպառողներին խաբելու համար

14:08   3 հոկտեմբերի, 2014

Ճապոնական Wacoal ընկերությունը վճարել է 1.3 միլիոն դոլար՝ ոչ ճիշտ եւ իրականության չհամապատասխանող գովազդ թողարկելու համար, հայտնել է ИТАР ТАСС-ը։

Ներքնազգեստ արտադրող ճապոնական Wacoal ընկերությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ԱՄՆ-ում նրա քույր ընկերությունը, ներկայացրել է մի ներքնազգեստ, որն, ինչպես ասվում է գովազդում, մշակված է ու հարուստ է կոֆեինով, ինչը նպաստում է նիհարելու գործընթացին։

Կոֆեինով ներքնազգեստը շատ արագ լայն տարածում է ձեռք բերել, սակայն ավելի ուշ բոլոր սպառողները սկսել են բողոքել, քանի որ այն նիհարեցնող ոչ մի ազդեցություն չի ունեցել։

ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովը փորձարկումներ ու հետազոտություններ է անցկացրել, եւ մասնագետները պարզել են, որ ոչ մի գիտական ապացույց չկա, որ գովազդում նշվող այդ փաստը համապատասխանում է իրականությանը։

Ճապոնական ընկերությունը, առանց դատական քաշքշուկի, վճարել է 1,3 միլիոն դոլար տուգանք, որը փոխանցվել է Առեւտրի դաշնային հանձնաժողովի հաշվին, որն էլ իր հերթին գումարները փոխանցելու է սպառողներին։

Մի քանի սպառող պատրաստ է նաեւ առանձին հայց ներկայացնել դատարան այս ընկերության դեմ։

 



© NEWS.am STYLE