Հայտնի Ֆրանսիացի երգչուհի Անգգուն` «Եվրատեսիլի» հայ երգիչների մասին

11:02   8 հոկտեմբերի, 2014

Ֆրանսիայում բնակվող ինդոնեզիացի երգչուհի Անգգունին շատերը կհիշեն «Etre Une Femme» հիթով, որը 2005 թ-ին հաճախ էր հնչում հայկական երաժշտական հեռուստաալիքներով: Գեղեցիկ արտաքինով աչքի ընկնող երգչուհու մյուս հիթը` «Saviour»-ը, դարձավ ամերիկյան «Փոխադրողը 2» հայտնի ֆիլմի սաունդթրեքը:

2012 թ-ին աշխարհահռչակ երգչուհին մասնակցեց «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Չնայած այդ տարի Հայաստանը չէր մասնակցում «Եվրատեսիլին», սակայն Անգգունը տպավորված է մրցույթի տարբեր տարիների հայ երգիչների ելույթներով: Հատկապես, ո՞ւմ ելույթներն է հիշում երգչուհին և ի՞նչ կարծիք ունի նա  «Մանկական Եվրատեսիլ 2014»-ի մեր  երգի մասին: Ձեզ ենք ներկայացնում «World Music Awards 2014»-ի տիտղոսակիր Անգգունի  բացառիկ հարցազրույցը NEWS.am STYLE-ի հետ:

-Անգգո՛ւն, հետաքրքիր է` ումի՞ց եք ժառանգել Ձեր ձայնի յուրօրինակ  տեմբրը:

-Նախ և առաջ` շնորհակալ եմ :) Կարծում եմ` ցանկացած մարդ ունի իր ձայնին հատուկ եւ տարբերվող երանգ, ինչպես, օրինակ, մեր ստորագրությունները: Հետեւաբար, իմ ձայնի տեմբրը պայմանավորված է իմ ոսկրային կառուցվածքով: Բացի այդ, ես  պահպանում եմ այն. ժամանակին եմ քնում և չեմ չարաշահում դրա օգտագործումը:


-Դուք Ինդոնեզիայում արդեն շատ հայտնի էիք, երբ տեղափոխվեցիք Ֆրանսիա: Ինչո՞ւ հենց այդ երկիրն ընտրեցիք միջազգային կարիերա սկսելու համար:

-Ես լքեցի Ինդոնեզիան, որպեսզի բնակություն հաստատեմ Անգլիայում: Լոնդոնում ապրեցի մեկ տարի: Դա այն շրջանն էր, երբ երաժշտական աշխարհում մեծ տեղ էին զբաղեցնում տղաների և աղջիկների խմբերը: Սակայն ես չէի ցանկանում ներառված լինել խմբերում, քանի որ ինձ մեներգչուհի եմ համարում: Այսպիսով, որոշեցի տեղափոխվել այլ երկիր: Տարօրինակ է, որ ես ընտրեցի հենց Ֆրանսիան, բայց ես այստեղ ուրախ եմ:

- Անգգո՛ւն, Դուք բացի լավ ձայնային տվյալներից` ունեք նաև գեղեցիկ արտաքին: Ի՞նչ եք կարծում` արտիստի համար որքանո՞վ է կարևոր արտաքին գեղեցկությունը:

- Ես,իրականում, պատասխանատու եմ ոչ թե իմ տեսքի, այլ իմ երաժշտության, երգերի խոսքերի և իմ կարիերայի համար: Ես գիտեմ, որ իմ արտաքինը ևս մեծ դեր է խաղում այս ամենի մեջ, բայց եթե դու չունես հստակ երաժշտական ճաշակ և միայն հույսդ դնում ես արտաքինիդ վրա, դժվար է պահպանել այդ  կարիերան:

-2005 թ-ին «Etre Une Femme» երգն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, դարձավ հիթ: Սպասո՞ւմ էիք նման արդյունքի և արդյոք մոտ ապագայում կարո՞ղ ենք նմանատիպ հիթեր սպասել Ձեզանից:

-Երբ ստուդիայում ստեղծվում է մի երգ, ես միշտ էլ մեծ հույսեր եմ կապում դրա հետ, եւ դա շատ նորմալ է, որովհետև ցանկացած երաժիշտ էլ ակնկալում է, որ իր աշխատանքը շատերը պետք է գնահատեն: Սակայն երբ ձայնասկավառակը լույս է տեսնում, դրա հաջողությունը կախված է լինում այս արդյունաբերության մեջ գտնվող մի շարք մարդկանցից, ինչպես նաև հանդիսատեսի արձագանքից: Այսպիսով, ես, առաջին հերթին, փորձում եմ ազնիվ լինել իմ աշխատանքի մեջ, և եթե ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, ուրեմն, հավանաբար, կունենամ մեկ կամ երկու հիթ:

- Ձեր մյուս հիթը` «Saviour»-ը , դարձավ «Փոխադրողը 2» («Transporter 2») ֆիլմի սաունդթրեքը: Կպատմե՞ք, թե ինպես դա եղավ:

 -Այնպես ստացվեց, որ այդ ֆիլմի անձնակազմը փնտրում էր ռոք ժանրի հուզիչ և հիթային մի երգ, և նրանք ընտրեցին «Saviour»-ը: Ես շատ ուրախ էի այդ ընտրության համար, քանի որ ֆիլմը վաճառքի առումով Ամերիկայում առաջին տեղը զբաղեցրեց:


-Համոզված ենք, որ շատ երգիչներ կցանկանային Ձեզ հետ համագործակցել: Իսկ կա՞ն երգիչներ, որոնց հետ Դուք կցանկանայիք աշխատել:

-Իհարկե՛, շատ երգիչներ կան… Ես, ընդհանրապես, սիրում եմ համագործակցություններ: Տաղանդավոր երգիչների հետ աշխատելը ոգևորում է ինձ, և նրանց գործոնը օգնում է ստեղծել հետաքրքիր երգեր: Ես մի քանի համագործակցություններ եմ ունեցել, որոնցով շատ հպարտ եմ և անհամբերությամբ սպասում եմ այլ համատեղ աշխատանքների: Լավագույն համագործակցությունները նրանք են, որոնք հետաքրքրում են հենց տվյալ երգիչներին, ոչ թե նրանց պրոդյուսերական թիմերին:

- Անգգո՛ւն, մասնակցել եք նաև «Եվրատեսիլ 2012»-ին: Ի՞նչ եք կարծում` հայտնի լինելու փաստը օգնո՞ւմ է այդ մրցույթում:

 -Չեմ կարծում, թե դա մեծ նշանակություն ունի, քանի որ չպետք է մոռանալ, որ «Եվրատեսիլն», առաջին հերթին, երգի մրցույթ է: Այնտեղ երգերն են աստղերը, իսկ կատարողները՝ պարզապես, հաղորդագրություն տարածողներ: Բայց ես սիրում եմ այդ բեմում տեսնել հայտնի աստղերի, ինչպիսիք են` Անուկը, Էնգլբերթ Համփերդինքը, Բոննի Թայլերը, Blue խումբը: Աստղերի ներկայությունը շոուն ավելի է արժեքավորում:

- Ի դեպ, Հայաստանը «Եվրատեսիլին» սկսել է մասնակցել 2006 թ-ից: Հետաքրքիր է` հետևե՞լ եք մրցույթում հայ երգիչների ելույթներին և ո՞ւմ երգն է Ձեզ համար եղել ամենահիշվողը:

- Ճիշտն ասած` լավ հիշում եմ Dorians-ին, քանի որ «Lonely Planet»-ը, իմ կարծիքով, շատ լավ ռոք երգ է: Չեմ կարող չնշել նաև Ինգային և Անուշին, որոնք հզոր ձայնային տվյալներ ունեն: Ընդհանուր առմամբ, հայ երգիչները միշտ աչքի են ընկել իրենց ձայնային լավ տվյալներով: Ձեր այս տարվա ներկայացուցիչը` Արամ mp3-ն, նույնպես չափզանց հզոր վոկալիստ է:

- Այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» «People of the Sun» երգով ներկայացնելու է Բեթթին: Ի՞նչ կարծիք ունեք մեր երգի մասին և ի՞նչ կմաղթեք մեր ներկայացուցչին:

- Այս երգը շատ է տարբերվում Հայաստանի` նախորդ տարիներին ներկայացրած երգերից, բայց այն թարմ է և շատ հիշվող: Եթե դրան գումարվի նաև լավ բեմադրություն, ապա կարծում եմ, որ երգը դուր կգա նաև ժյուրիի անդամներին և հեռուստադիտողին: Հաջողություն եմ մաղթում:


- Շնորհակալություն: Իսկ, ե՞րբ սպասենք Ձեր հայաստանյան համերգին:

- Այս պահին ես աշխատում եմ իմ նոր ձայնասկավառակի վրա, որը լույս կտեսնի 2015 թ-ի կեսերին: Ո՞վ գիտի… միգուցե իմ նոր ձայնասկավառակն ինձ բերի Հայաստան 


- Անգգուն, ի՞նչ կմաղթեք News.am Style-ի  ընթերցողներին:

- Մաղթում եմ, որ ձեր կյանքը լի լինի լավ երաժշտությամբ, քանի որ առանց երաժշտության կյանքը ձանձրալի է, անհետաքրքիր և միօրինակ:

 

Պատրաստեց՝ Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE