Կայացավ «Սուպեր մամա» ֆիլմի պրեմիերան (ֆոտո)

11:29   8 հոկտեմբերի, 2014

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կայացավ «Սուպեր մամա» նոր կատագերգության պրեմիերան:
Գլխավոր դերակատար, ֆիլմի պրոդյուսեր Հայկ Մարությանի խոսքով՝ «Սուպեր մամա»-ն տարբերվում է իր մյուս ֆիլմերից:

«Ֆիլմն իր մեջ պարունակում է դրամայի տարրեր, կա նաեւ սիրո պատմություն: Այստեղ խաղում եմ երկու կերպար՝ տղամարդու եւ կնոջ, որոնք միմյանցից  լիովին տարբեր են:  Ճիշտ է՝ այն կատագերգություն է, բայց ունի իր մեջ շատ դաստիարակչական էլեմետներ»,- ասաց Հայկ Մարությանը:

Ֆիլմը մի տղամարդու մասին է, ով տարբեր ճանապարհներով գումարներ է աշխատում եւ գալիս է մի պահ, որ այդ ճանապարհները սպառվում են եւ նա մնում է ձեռնունայն: Մի օր նա պատահական թերթում ընթերցում է մի հոդված, որտեղ գրված է լինում, որ ինչ-որ բարեգործական կազմակերպություն միայնակ մայրերին տուն է տալիս եւ գումար, որպեսզի երեխաներին խնամեն: Գլխավոր հերոսը որոշում է կերպարանափոխվել, այսինքն՝ կնոջ կերպարով հանդես գալ, որպեսզի կարողանա օգտվել այդ ծառայություններից: Եվ սկսվում է իրադարձությունների շատ հետաքրքիր եւ անսպասելի զարգացում: Իսկ ֆիլմի վերջում happy end է: Հերոսը սիրահարվում է բարեգարծական կազմակերպությունում աշխատող մի աղջկա: Ֆիլմի ընթացքում նրանց միջեւ լինում է ե՛ւ սեր, ե՛ւ բաժանում, բայց վերջում նրանք միանում են:

ֆիլմի գլխավոր հերոսներն են՝ Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյան, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Արման Մարտիրոսյանը: Ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, ովքեր եղել են նաեւ «Ալաբալանիցա»-ի ռեժիսորները: Ֆիլմի սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ համահեղինակը՝ Հայկ Մարությանը:

Նշենք, որ Գարիկ Պապոյանն առաջին անգամ է խաղում ֆիլմում եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց իր տպավորությունների մասին. «Առաջին անգամ էի գեղարվեստական  ֆիլմում նկարահանվում: Ինձ համար շատ հետաքրքիր, նոր աշխարհ եմ բացահայատել: Սա, կարող եմ ասել, առաջ գնալու, նորը սովորելու մի փորձ էր: Երբ «Վիտամին»-ում խաղում եմ ինչ-որ դեր, վերջում մարդիկ ծափահարում են, եւ դու հասկանում ես, որ այն ստացվել է: Իսկ ֆիլմում չկար այդ հանդիսատեսը: Եվ ամեն անգամ սպասում էի այդ արձագանքին»:

Ֆիլմի պրեմիերային ներկա էին մի շարք հայ հայտնիներ, որոնց կարող եք տեսնել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE