Հայաստանում 50 հազար դոլարանոց տեսահոլովակ են նկարահանում

14:14   1 հոկտեմբերի, 2012

Երգչուհի Լուսինե Աղաբեկյանի նոր տեսահոլովակի սյուժեն յուրահատուկ ու գրավիչ կլինի: Երգչուհու պրոդյուսեր ու տեսահոլովակի ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը համաձայնեցին մեզ որոշ գաղտնիքներ բացահայտել: «Մենք ձեռնարկել ենք դժվարին ու թանկարժեք գործ: Տեսահոլովակի նկարահանման համար պահանջվել է 50 հազ. դոլար», -ասաց նա:

Տեսահոլովակում Լուսինեն կխաղա ամերիկյան ֆիլմից հայտնի Ջումանջի խաղը: Խաղի յուրաքանչյուր քայլը «Hay Superstar» երկրորդ սեզոնի հաղթողին կտեղափոխի դեպի ամերիկյան հայտնի կինոֆիլմերից կամ մուլտֆիլմերից մեկը: «Այնքան էլ հեշտ չէր կրկնօրինակել բազմամիլիոնավոր ամերիկյան ֆիլմերն ու մուլտֆիլմերը, բայց նկարահանող խումբը աշխատում է որակյալ ու գունեղ արտադրանք ստանալու հույսով»,- խոստովանեց երգչուհին:
Դեռեւս գաղտնիք է, թե որ ֆիլմերը կօգտագործվեն նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքում, բայց եթե ուշադրությամբ նայենք նկարահանման հրապարակում եղած լուսանկարներին, ապա կարելի է գուշակել:

Նշենք, որ տեսահոլովակը նկարահանվում է «Hima» երգի հիման վրա, հաուզ-կոմպոզիցիան գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ վերադաշնակումը (arrangement) կատարել է Նիկ Էգիպյանը, որը տեսահոլովակի անգլերեն տեքստի հեղինակն է: Լուսինեն խոստացել է, որ հանդիսատեսը կտեսնի նաեւ տեսահոլովակի անգլերեն տարբերակը:
Տեսահոլովակի ռեժիսորն ու հեղինակը Լուսինեի պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանն է:
Տեսահոլովակը նկարահանվում է «Արմենֆիլմի» տաղավարում: Բոլոր դեկորացիաները պատրաստվել են հատուկ այս նկարահանման համար: Հուսանք, որ նկարահանող խումբը երգչուհու հետ միասին կհասնի ցանկալի արդյունքի:



© NEWS.am STYLE