Ամանորը Երեւանում` բնական տոնածառով

21:23   12 դեկտեմբերի, 2012

Մեծ ցատկերով մոտենում է Ամանորը, իսկ նրա հետ նաեւ տան տոնական զարդարանքի հաճելի հոգսերը։ Նոր տարին կարելի է պատկերացնել սեղանին առանց ավանդական բուդի, նույնիսկ առանց Ձմեռ պապ ու Ձյունանուշ, սակայն ոչ՝ առանց տոնածառի։ Արհեստական եղեւնիները տոնական տրամադրություն չեն ստեղծում. դրանք չեն բուրում, պլաստմասե փշեր ունեն։

Սակայն, համաձայնեք, կենդանի տոնածառով մի քանի տոնական օր անցկացնելու հաճույքի համար չարժե սպանել ծառը։ Այս խնդիրը գրավել է «Արեւորդի» շրջակա միջավայրի պահպանման ֆոնդի ուշադրությունը։ Երեւանի պետական կենդանաբանական այգու հետ համատեղ նրանք արդեն երրորդ տարին է ամանորյա ակցիա են իրականացնում. կտրված եղեւնու փոխարեն կարող եք գնել կամ վարձել ծաղկամանում աճեցվածը։ Ընդ որում այդ հաճույքը նույնիսկ ավելի էժան է, քան կտրված եղեւնի գնելը. վարձույթը՝ 25 հազար դրամ, իսկ գնելն ու հավերժ օգտագործելը՝ 40 հազար։

«Հայաստանում տնկարան կա, որտեղ եղեւնիներ են աճեցնում։ Մեր խնդրանքով դրանք փորում-հանում են եւ ձեր պատվերով անվճար հասցնում ձեզ։ Վերադարձված եղեւնիները տալիս ենք կենդանաբանական այգուն, որի տարածքում դրանք տնկվում են։ Անցյալ տարի վաճառել ու վարձակալության ենք տվել 60 եղեւնի, այս տարի արդեն բերել ենք 100-ը, սակայն պատվերներն այնքան շատ են, որ պատրաստվում ենք էլի բերել։ Մենք քարոզում ենք նշել Նոր տարին բոլոր կանոններին համաձայն՝ առանց բնությանը վնաս տալու», -  NEWS.am STYLE -ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագծի համակարգող եւ «Արեւորդի» ֆոնդի աշխատակից Սերգեյ Զաքարյանը։



© NEWS.am STYLE