Հայկական շունչը Պորտուգալիայում

21:23   5 նոյեմբերի, 2014

Մեզ՝ հայերիս համար հայկական ամեն ինչ շատ թանկ ու հարազատ է: Սակայն հաճախ ապրելով այստեղ՝ մենք այնքան էլ խորապես չենք հասկանում եւ գնահատում դրանց արժեքը, իսկ արտասահմանում հանդիպած հայկական նույնիսկ ամենափոքր ու ոչ կարեւոր իրն անչափ մեծ նշանակություն ու իմաստ է ստանում մեզ համար: Եվ ես, վերջերս ճակատագրի բերումով հայտնվելով Պորտուգալիայում, իսկապես ապրեցի այս անծանոթ եւ բավականին հաճելի զգացմունքը:

Պորտուգալիայի Սետուբալ քաղաքում զբոսնելիս ականատեսը դարձա մի շատ գեղեցիկ տեսարանի. պորտուգալացիները «սեղան էին բացել» անցորդների առաջ, բայց ոչ թե հյուրասիրության, այլ վաճառքի: Ակամայից հիշեցի մեր «Վերնիսաժը», միայն մի  տարբերությամբ՝ ուրբաթ էր: Նոստալգիկ եւ կարոտած տրամադրությամբ սկսեցինք հաջորդաբար անցնել բոլոր վաճասեղանների կողքով:

Ես եւ ընկերներս մոտեցանք վաճառասեղաններից մեկին, որտեղ տարբեր երկրների թղթադրամներ ու մետադրամներ էին վաճառում:

Թերթելով մետաղադրամների հավաքածուի ալբոմները` ընկերներիցս մեկը հետաքրքվեց, թե արդյոք վաճառականը հայկական մետաղադրամներ ունի, թե ոչ: «Armenia?», ասաց անծանոթը՝ կարծես ցանկանալով հիշել այս փոքրիկ պետության եւ նրա մետաղադրամների մասին: Մի քանի վայրկյան անց վաճառականն իր պայուսակից հանեց եւ ցույց տվեց 1997 եւ 1998թթ-ի արտադրության 100 դրամանոց երկու մետաղադրամ (հավանաբար հատուկ թողարկման), որն անգամ մենք չէինք տեսել: Իսկապես աննկարագրելի, անբացատրելի եւ հաճելի զգամունքներ ապրեցինք:

Հ.Գ. Մետաղադրամներն արժեին 18 եվրո: Ցավոք ես չգնեցի եւ այդքան գումար չտրամադրեցի այս մետաղադրամներին, բայց պետք է խոստովանեմ, որ սխալվել եմ. անհրաժեշտ էր գնել դրանցից գոնե մեկը, որը մշտապես ինձ հետ կլիներ եւ կհիշեցներ այս գեղեցիկ օրվա եւ նրա ամոռանալի հուշերի մասին:

 

Դ. Հովհաննիսյան



© NEWS.am STYLE