Hay fest-ում բեմադրել են Նազարին, Կիկոսոին ու Մայքլ Ջեքսոնին միասին

17:11   8 հոկտեմբերի, 2012

Hay fest փառատոնի շրջանակներում բեմադրված հերթական ներկայացումը հանդիսատեսին հավաքել էր բաց երկնքի տակ: Եղանակն այդ օրը, ճիշտն ասած, այնքան էլ բարենպաստ չէր` անվերջ քամի, երկինքն ամպոտ, տեղում էր անձրեւ: Բայց մարդիկ կանգնել ու համբերատար սպասում էին, որ տեսնեն հանդիսավոր ներկայացումը:

Վերջապես դերասանները սլացան, ավելի ճիշտ եկան` նմանակելով միաժամանակ ձիերի ու մարդկանց: «Ձիավարության» վարպետները ներկայացան որպես բարոններ, որոնք փախել էին ֆրանսիական հոգեբուժարանից: Այս «շատ լուրջ» ներկայացման գործող անձանց անուններ ոչ պակաս ծիծաղելի էին, օրինակ` պլաստմասե հովատակներին կոչում էին Նազար, Կիկոս ու Մայքլ Ջեքսոն: Բոլոր «ձիերն» ունեին իրենց բնավորությունը, նրանք ըմբոստանում էին մտրակի հարվածներից, կտրուկ շարժումներով վախեցնում ժողովրդին...ու ծիծաղում: Դերասաներն այնպես վարպետորեն էին մարմնավորում իրենց հերոսների շարժումներն ու արտահայտում պլաստմասե ձիերի բնավորությունը, որ երբեմն զարմանալի զգացում էր առաջանում: Ինչպես է ձիավորը առանց սանձերը ձգելու սլանում, ինչպես է ոտքերը բացելով նստում ձիու մեջքին` տրորելով իր դիմաց կանգնած տղամարդուն` միարժամանակ ոչ մի վնաս չհասցնելով նրան: «Չէ որ դրանք իսկական ձիեր չեն»,- ժամանակ առ ժամանակ միացնում եմ գիտակցությունս: Հանդիսավոր ներկայացում տեսնելու սպասելիքը լիովին արդարացվեց:

Ներկայացումը, որ հանճարեղ էր իր պարզությամբ, ավարտվեց սպասվածից շուտ, բայց այն անջնջելի հետք թողեց մեր հայրենակիցների սրտերում: Հուսով ենք, որ կրկին կհանդիպենք մեր փողոցային դերասաններին, իսկ առայժմ բավարարվածություն ստանանք` դիտելով լուսանկարները:

Ֆոտո, վիդեո:/News.am Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE