«Բալթիկ ծովում նավի վրա երգել Հայաստանի մասին երգ, որտեղ հայ չկար, դժվար էր». Լիլու (ֆոտո)

15:55   10 նոյեմբերի, 2014

Ստոկհոլմում անցկացվող Արվեստների միջազգային փառատոնից երգչուհի Լիլուն Հայրենիք է վերադարձել Գրան պրի մրցանակով, ինչ մասին NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է։

Երգչուհին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց իր տպավորությունների մասին։

«Փառատոնին կատարել եմ երկու երգ՝ Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը, որի հեղինակը Արամ Ավագյանն է, եւ Ալիշա Քեյսի «Fallin»-ը։ Հատկապես «Հայաստան» երգի ժամանակ շատ հուզված էի եւ շատ մեծ պատասխանատվություն էի զգում, քանի որ Վարդուհի Վարդանյանն արդեն այն կատարել էր անթերի։ Իրենից լավ ներկայացնել չէի կարող, կարող էի միայն յուրովի կատարել։ Բալթիկ ծովում նավի վրա երգել Հայաստանի մասին երգ, որտեղ բացի Սերգեյ Գրիգորյանից ուրիշ ոչ մի հայ չկար, դժվար էր, քանի որ օտարերկրացին դժար թե հասկանար այդ երգի իմաստը»,- ասաց Լիլուն։

Նշենք, որ Արվեստների միջազգային փառատոնում մասնակիցները ներկայանում են երգերով եւ պարային կատարումներով։ Փառատոնին կարող են մասնակցել տարբեր տարիքային խմբի արտիստներ։

«Շուրջ 6 տարի է, ինչ ես ժյուրիի անդամ եմ եւ պրոդյուսեր։ Ինձ համար մեծ պատիվ էր փառատոնին ներկայացնել մեր հայրենակցուհուն, ով «Հայաստան» կատարումով հուզեց ժյուրիի անդամներին եւ ներկա գտնվողներին։ Նշեմ, որ այդ տեսանյութը շուտով համացանցում կլինի։ Շատերը կարող են մտածել, որ ես ժյուրիի անդամ էի, եւ դրա համար ենք մրցանակով վերադարձել, բայց ասեմ, որ ոչ։ Սա վոկալի մրցույթ է, իսկ Լիլուն հիացրեց ե'ւ ժյուրիի անդամներին, ե'ւ ներկա գտնվողներին»,- նշեց Սերգեյը։

Սերգեյը նշեց նաեւ, որ առաջիկայում նոր մրցույթներ են լինելու, սակայն դրանց մասին հիմա չի բարձրաձայնի։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE