Մադոննայի հարսանեկան զգեստը աճուրդում վաճառվել է 81250 դոլարով

12:02   11 նոյեմբերի, 2014

Հանգստյան օրերին Բեւերլի Հիլսում կայացել է Julien's Auction-ը, որի շրջանակներում վաճառվում էր հայտնի երգչուհի Մադոննայի հարսանեկան զգեստը։

Ինչպես հայտնել է EOnline-ը՝ հարսանեկան զգեստը, որը Մադոննան հագել է 1985թ-ին Շոն Պենի հետ ամուսնանալիս, վաճառվել է 81250 դոլարով։ Մեկնարկային գինը եղել է 60 հազար դոլար։

Ի դեպ, աճուրդից ստացված հասույթի մի մասը կօգտագործվի բարեգործական նպատակներով։

Բացի հարսանեկան զգեստից, Մադոննան ներկայացրել էր եւս 140 իր՝ «Նրանց անձնական լիգան» (1992), «Էվիտա» ֆիլմերում, Material Girl տեսահոլովակում նրա հագած զգեստներն ու մի շարք այլ հագուստներ։ Թվարկվածներից վերջին զգեստը վաճառվել է 73 հազար դոլարով։  

Հիշեցնենք, որ աստղը Շոն Պենի հետ ամուսնացել է 1985թ-ին, սակայն չորս տարի անց զույգը բաժանվել է։ Ի դեպ, աճուրդի ժամանակ կարելի էր գնել նաեւ նրանց ամուսնական պայմանագիրը։ Տարիներ անց եւ Մադոննան, եւ Պենը հայտարարել են, որ դա եղել է իրենց կյանքի ամենամեծ սերը։

Մադոնան եւ Շոն Պենը՝ «Շանհայան անակնկալ» ֆիլմում։



© NEWS.am STYLE