Ինչպե՞ս քաղաքակիրթ ձեւով մերժել տղային

17:20   12 նոյեմբերի, 2014

Այս աշխարհում ոչ ոք իդեալական չէ, սակայն յուրաքանչյուր աղջիկ մտովի ստեղծում է իր երազանքների տղամարդուն, որը կատարյալ է ու անկրկնելի:  Երբեմն կատարելության այդ մտովի պակերացումները մեզ խանգարում են ընտրություն կատարել, սակայն երբեմն էլ մեզ իսկապես մոտենում են այնպիսի տղամարդիկ, որոնք ոչ միայն հեռու են մեր իդեալից, այլեւ չեն համապատասխանում դարերով մարդկության մեջ արմատացած տղամարդու կերպարին: Ի՞նչ անել այդ դեպքում, ինչպե՞ս մերժել նրանց՝ առանց նյարդայնանալու եւ կոպտելու, մի խոսքով՝ ինչպես տղամարդուն ասել «ոչ»՝ քաղաքակիրթ ձեւով:


Մեզանում շատ են աղջիկները, ովքեր  միայնակ մնալու վախից համաձայնում են հանդիպել անգամ իրենց բոլորովին դուր չեկած տղամարդու հետ, իսկ աղջիկների մի տեսակ էլ կա, ովքեր սեթեւեթում են գրեթե բոլորի հետ՝ պահելով նրանց իրենց կողքին այնքան, քանի դեռ չեն հանդիպել իրենց երազած տղամարդուն: Սակայն ինքնախաբեությամբ զբաղվելն ու առավել եւս դիմացինին խաբելը, ուրիշի զգացմունքների հետ խաղալը լավ ավարտ չի ունեցել երբեք: Միայնակ լինելը դեռ պատճառ չէ, որպեսզի հանդիպես ում հետ պատահի, եւ եթե միայնակ ես, դա նշանակում է միայն մեկ բան՝ դու դեռ չես հանդիպել քո կեսին...

Եվ այսպես, ինչպե՞ս մերժել անցանկալի տղամարդուն:

Նախ, դու կարող ես այնպես անել, որ անցանկալի տղամարդն ընդհանրապես քեզ չմոտենա: Ինչպե՞ս: Երբեւէ մտածե՞լ ես, որ քո մի անմեղ ժպիտը կամ բարեւը կարող է նրա մոտ հույսեր արթնացնել: Այո, ժամանակներն այժմ այնպիսին են, որ երբ ինչ-որ մեկի հետ քաղաքավարությունից դրդված զրույցի ես բռնվում, անմիջապես սկսում են այլ բան մտածել: «Նա պատասխանեց իմ բարեւին, ժպտաց ինձ, ուրեմն դուր եմ եկել նրան»: Միգուցե այսպես են մտածում տղաներից շատերը, երբ որոշում են մոտենալ աղջիկներին: Իհարկե, վեոնշյալը չի նշանակում, թե պետք է դադարես քաղաքակիրթ ձեւով շփվել տղաների հետ, սակայն մի փոքր զգույշ եղիր նրանց հետ, ովքեր քեզ երկար են նայում:

Իսկ ի՞նչ անել, եթե, չնայած քո ջանքերին, նա միեւնույն է առաջին քայլերն է փորձում անել քո սիրտը գրավելու համար: Կան մարդիկ, ում արտաքինը մեզ միանգամից վանում է կամ միայն նրա ներկայությունը անչափ նյարդայնացնում: Սակայն շատ հաճախ արտաքինը կամ առաջին տպավորությունը խաբուսիկ է լինում, անպես որ՝ գոնե մեկ անգամ հանդիպիր նրա հետ՝ նախքան նրան «ոչ» ասելը: Եթե, այնուամենայնիվ, առաջին ժամադրությունից հետո քեզ մոտ ոչինչ չի փոխվել, ապա ավելի լավ է միանգամից նրան այդ մասին ասես: Պետք չէ դա փոխանցել նրան քո կամ նրա ընկերների միջոցով: Այդպես ճիշտ չէ, դու պետք է համարձակություն հավաքես եւ ինքդ հայտնես նրան այդ մասին: Եթե չես ցանկանում լրացուցիչ անգամ հանդիպել նրան, ապա կարող ես նրան հեռախոսով հայտնել ձեր բաժանման մասին կամ գրել համացանցով: Այդպես նա հնարավորություն կունենա խուսափել քո առջեւ ընկճված երեւալուց:

Իսկ ի՞նչ պետք է ասել կամ չասել տղամարդուն մերժելուց

Եթե քեզ դուր չի գալիս նրա արտաքինը, ապա կարիք չկա նրան ասելու այդ մասին: Դա շատ տգեղ արարք է՝ մարդու երեսով տալ իր արտաքին թերությունները, այնպես որ՝ զգույշ եղիր քո խոսքերի մեջ:  Նրան ասա պարզապես, որ ձեր հայացքները չեն համապատասխանում միմյանց, որ դու չես տեսնում ձեր համատեղ ապագան, որ խնդիրը քո մեջ է, ոչ թե՝ իր: Նման կերպ մերժելով նրան՝ դու կպահպանես եւ քո եւ դիմացինիդ արժանապատվությունը, ինչն այս աշխարհում ամենակարեւոր բաներից է:

Աշա



© NEWS.am STYLE