Ռեփն օգնում է հաղթահարել դեպրեսիան

12:06   13 նոյեմբերի, 2014

Հավանաբար ռեփի քննադատները կզարմանան, բայց այս երաժշտության ժանրը կարող է օգնել հաղթահարել դեպրեսիան: The Lancet գիտական ամսագրում տպագրվել է Քեմբրիջի համալսարանի հոգեբանների տեսությունը, համաձայն որի՝ ռեփը դրականորեն է ազդում մարդու հոգեկան աշխարհի եւ հագեբանական խնդիրների վրա, հայտնել է The Guardian-ը:

Հոգեբույժ-խորհրդատու Ակիմ Սուլեն եւ նյարդաբան Բեկի Ինկստերը նշել են, որ սկզբում ռեփ երաժշտությունը ծագել ու տարածվել է սոցիալապես  անապահով մարդկանց շրջանում, եւ այս երգերի տեքստերն արտահայտել են այս մարդկանց խնդիրները:

 

Հետեւաբար, այս ոճի երգերը դրական ազդեցություն են ունենում մարդկանց վրա, քանի որ դրանք արտահայտում են այն վայրը, որի մասին երազում է ունկնդիրը, կամ մեքենան, որը նա ցանկանում է վարել: Այսինքն՝ ունկընդիրը պատկերացնում է այն կյանքը, որը հենց նա է ցանկանում, ինչն էլ օգնում է նրան չհուսահատվել եւ շարունակել ապրել ու երազել:

Այսպիսով, այս գիտնականները կարծում են, որ ռեփը, ինչպես նաեւ գեղարվեստական արտահայտման այլ ձեւերը, շատ ավելի դրականորեն կարող են ազդել դեպրեսիայով տառապող մարդկանց վրա:  Ի դեպ, նրանք նաեւ ցանկանում են ապացուցել, թե որքանով է ռեփը նպաստավոր ինքնաարտահայտման համար եւ ավելացնել ռեփը թերապեւտիկ միջոցների ցանկում:



© NEWS.am STYLE