Ի՞նչ ֆիլմ դիտել ուրբաթ երեկոյան. NEWS.am STYLE-ի ընտրությունը

21:14   13 նոյեմբերի, 2014

Առաջիկա կինո-ուրբաթը մեծ ուրախություն կպատճառի եվրոպական ֆիլմերի սիրահարներին, քանի որ կարելի է դիտել ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Նոր ընկերուհին» ֆիլմը։ Մի կողմից այն ֆրանսիական կինոնկարներին բնորոշ մի ֆիլմ է, իսկ մյուս կողմից այն շատ խորիմաստ է, որը նրբորեն կարող է ցույց տալ ձեզ, որ «այո, այդպես էլ է կյանքում պատահում»։ Օզոնը վարպետորեն օգտագործում է մարդկանց «բանալու անցքից ներս նայելու» ցանկությունները, սակայն դատողությունները թողնում է նրանց։ Ֆիլմի հերոսուհին՝ Քլերը, տառապում է իր մտերիմ ընկերուհու մահվան պատճառով։ Մահացած ընկերուհու ամուսինը՝ Դեւիդը, ցանկանալով օգնել Քլերին, շատ անսպասելի մի միտք է առաջարկում։ Նա դառնում է Քլերի նոր ընկերուհին՝ Վիրջինիան։ Սկզբում Քլերը, տեսնելով Վիրջինիա-Դեւիդին կանացի հագուստով  եւ կեղծամով, շատ է ապշում ու ցնցվում, սակայն հետո ընդունում է նրա ընկերության առաջարկը, որը իրադարձությունների զարգացման հետեւանքով վերածվում մեկ այլ զգացումի։ 

Ֆիլմն իսկապես մտորելու տեղիք  է տալիս կնոջ էության եւ մարդու հոգեբանության մասին։ Եվ այս ամենը ներկայացվում է ֆրանսիական կոռեկտության սահմաններում, գեղեցիկ երաժշտության, աշնանային տեսարանների ներքո, որոնք իսկապես մեծ հույզեր են առաջացնում ֆիլմը դիտողների մոտ։

Գերմանա-բրիտանական ֆիլմ «Սիրով՝ Ռոզի». մելոդրամա, որը նաեւ համեմված է հումորային որոշ տարրերով։ Ֆիլմը նկարահանվել է Սեսիլիա Ահերնի «Այնտեղ, որտեղ ավարտվում է ծիածանը» գրքի հիման վրա. իհարկե, այն սիրո մասին է։ Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Ռոզին եւ Ալեքսը, մանկության ընկերներ են, սակայն ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ իրենց կապող սերը շատ ավելին է։ Բայց կյանքը լի է անակնկալներով։  Ռոզին եւ Ալեքսը ստիպված են բաժանվել, բայց նրանց զգացմունքները չեն մարում։

Սա ֆիլմ է սովորական մարդկանց մասին, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում վախենում են ասել ամենակարեւոր խոսքերը՝ դրանով իսկ ավելի դժվարացնելով միմյանց կյանքը։

Ռիո դե Ժանեյրոյի վառ, պայծառ եւ էկզոտիկ միջավայրում հայտնվելու համար կարելի է  դիտել «Ռիո, ես քեզ սիրում եմ» ֆիլմը, որը ներկայացնում է տասը կարճ պատմություն՝ նկարահանված տաբեր երկրներ ներկայացնող ռեժիսորների կողմից։ Այս ռեժիսորներից ամեն մեկը նորովի է ներկայացնում Ռիոն։ Ֆիլմը դիտելիս դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Ռիոյին, տեսնել նրա բնակիչներին, նրանց առօրյան, կառնավալները, այստեղ տիրող մթնոլորտը եւ Բրազիլիայի մայրաքաղաքի կոլորիտը։ Այս ֆիլմի միջոցով  կինոսրահից կարելի է ճամփորդել ամբողջ Ռիոյով մեկ...

 

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE