Exclusive. Լիբանանահայ ոճաբան Ջեք Թեքեյանը ֆոտոշարք է իրականացրել Երեւանում

11:22   17 նոյեմբերի, 2014

Լիբանանում հայտնի վարսահարդար-ոճաբան Ջեք Թեքեյանն օրերս առաջին անգամ Հայաստան էր ժամանել: Ոճաբանն այստեղ իրականացրել է իր նոր սանրվածքների ֆոտոշարքը՝ հայ եւ ուկրաինացի մոդելների մասնակցությամբ:

Ջեք Թեքեյանը վարսահարդարմամբ զբաղվում է շուրջ 30 տարի: Ասում է՝ աշխատում է միայն կանանց հետ եւ անում նրանց վարսերի խնամքին վերաբերող ցանկացած պրոցեդուրա:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում ոճաբանն ասաց, որ վարսահարդարման սրահներ ունի ոչ միայն Լիբանանում, այլեւ ԱՄՆ-ում՝ Բոսթոնում, ինչպես նաեւ Միլանում եւ Անգլիայում: Հենց այնտեղ էլ նա մշտապես իրականացրել է իր նոր սանրվածքների ֆոտոշարքերը, սակայն այս անգամ դրանք տեղի են ունեցել Երեւանի փողոցներում:

«Ուզեցի այս անգամ մի քիչ տարբեր լինի՝ հայկական ոճի մեջ»,-ասաց նա:

Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ Ջեք Թեքեյանն իր հաճախորդներին նոր սանրվածքներ, կտրվածքներ ու գույներ է առաջարկում, որոնց համար էլ արվում եւ ֆոտոշարքերն ու տարածվում նրա սրահներում եւ ուսումնական կենտրոնում:

Երեւանում օրերս արված լուսանկարներն էլ կարժանանան այդ «բախտին»: Սեւահեր մոդել Լուսինե Հայրապետյանն ու ուկրաինացի Կատյա Սոբուցկան Հյուսիսային պողոտայում լուսանկարիչ Տուշո Բարսեղյանի օբյեկտիվի առջեւ ցուցադրել են Ջեք Թեքեյանի նոր սանրվածքները: Կազմակերպչական հարցերում, ինչպես այս նախագծի, այնպես էլ ոճաբանի այլ նախաձեռնություններում, օգնում է Էլիանոր Նազարյանը: 

Մեր հարցին՝ մտադրություն չունի՞ գործունեություն ծավալել նաեւ Հայրենիքում, Ջեք Թեքեյանը դժվարացավ պատասխանել: Ասաց՝ դժվար է, բայց միգուցե:

Խոստովանում է՝ կանանց հետ սկզբնական շրջանում հեշտ չի եղել աշխատելը, բայց ժամանակի ընթացքում սովորել է: Հաճախորդի ցանկությունը լսում է, սակայն, որպես ոճաբան, իր խորհուրդներն է առաջարկում:

«Նախքան աշխատանքը սկսելը, հաճախորդի հետ սուրճի սեղանի շուրջ քննարկում ենք անում եւ որոշում, թե ինչ կարելի է անել: Եթե տեսնենք, որ նրա ուզածը չի սազում իրեն, ուղղակի կասենք եւ այլ բան կառաջարկենք»,-նշեց ոճաբանը:

Մեր զրույցի վերջում Ջեք Թեքեյանը նորաձեւության միտումներին կուրորեն հետեւող աղջիկներին մի խորհուրդ տվեց. «Թող հոգ տանեն իրենց վարսերի մասին, գեղեցիկը գեղեցիկ է՝ լինի կարճ վարսեր, թե երկար: Դեմքին ինչ վայել է, դա նորաձեւ է»,-եզրափակեց նա:

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE