Ո՞րտեղ նշել Նոր Տարին Երեւանում

21:21   14 դեկտեմբերի, 2012

Նոր Տարին հիանալի տոն է, որին հաճույքով ու տագնապով են սպասում մի ամբողջ տարի։ Ուրախությամբ՝ ողջ ընտանիքը, սրտի թրթիռով ու սարսափով՝ ընտանիքների մայրերը։ Սխալ մի հասկացեք, սիրելիների համար պատրաստելը երջանկություն է, սակայն Նոր Տարվա համար ռեկորդային ժամանակահատվածում պատրաստված համեղ ուտեստների քանակն անցնում է բանական սահմանները։ Իհարկե, կարելի է ուտելիքը գնել սուպերմարկետից, սակայն ոչ բոլոր հայ կանայք իրենց ամանորյա սեղանի որակը կվստահեն խանութի անծանոթ խոհարարին։ Ռեստորանից պատվիրելը թանկ է... իսկ ի՞նչ կասեք առանց ծափահարությունների ու հետաքրքիր շոու-ծրագրերի ռեստորանում պարզապես համեղ կերակուր վայելելու մասին։

Եթե ձեզ գրավեց այս գայթակղիչ առաջարկը, ասենք, որ NEWS.am STYLE-ը տեղեկություն է հավաքել Երեւանի ռեստորանների ու ակումբների մասին, ովքեր արդեն հստակեցրել են իրենց ամանորյա ծրագրերը։ Ամանորը մոտենալուն զուգահեռ, մենք կշարունակենք պամել մայրաքաղաքի այն վայրերի մասին, որտեղ կարելի է ուրախ եւ անհոգ դիմավորել 2013 թվականը։

Մեր ցուցակի առաջին հորիզոնականում հայտնի «Բելաջիո» ռեստորանն է։ Ամանորյա գիշերն այնտեղ մեծ ծրագիր է նախատեսված։ Ընդ որում, վարողը կլինի «Վիտամին» ակումբի անդամ Տիգրանը, իսկ ելույթ կունենան Արման Հովհաննիսյանը, Աննա Խաչատրյանը, Մարտին Մկրտչյանը, «Բելաջիո» ռեստորանի նվագախումբը եւ այլոք։ Դե իհարկե՝ նաեւ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։

Սեղանները «կզարդարեն» ձկնային եւ մսային տեսականին, պանիրները, կիտրոնը, թթուն, ձիթապտուղը, լոլիկը, վարունգը, ոչ յուղոտ տոլման, երկու տեսակի աղցանները, մսով բլիթները, տավարի եւ խոզի մսով խորովածը, խորոված կարտոֆիլը, լիմոնադները, բնական հյութերը, ֆրանսիական գինին, «Ռուբլյովկա» օղին, կոնյակը, ֆրանսիական շամպայնը, սուրճը, թեյը եւ թխվածքաբլիթները։ Եւ այս ամենի համար, ներառյալ համերգային ծրագրի վայելքը, կվճարեք 45 հազար դրամ։

Տեքստը՝ Գրիգորյան Անահիտի NEWS.am STYLE



© NEWS.am STYLE