Մնաս բարով, High Fest

10:43   10 հոկտեմբերի, 2012

 Յուրաքանչյուր լավ բան մի օր ավարտվում է։ Օրինակ՝ մուրաբայով բանկան, լավ կինոնկարը կամ High Fest թատերական փառատոնը։ Անմոռանալի, գունեղ ու իրար չնմանվող ներկայացումներ, տաղանդավոր դերասաններ, երգիչներ, միմոսներ ու ծաղրածուներ հեռացան Երեւանից։ Բայց ուղիղ մեկ տարի անց High Fest-ը կրկին կմեկնարկի նոր ուժով ու նոր ներկայացումներով։ «Չնայած «չար ուժերի» ակնհայտ միջամտությանը փառատոնի անցկացմանը, մեզ ամեն ինչ հաջողվեց։ High Fest-ի X փառատոնի անցկացման ընթացքում ես հավատացի «վատ աչք» արտահայտությանը. մեր գլխավոր դերասանները պետք է լինեին հունգարացիները, բայց քաղաքական  իրադարձությունների պատճառով նրանք չէին եկել, իսկ աղջիկը ֆրանսիական խմբից կոտրել էր ոտքը, վրացական մեներգչուհին ընկել էր հիվանդանոց ու դա դժբախտության մի մասն էր, որ ընկել էր մեր կազմակերպչական ուսերին»- կիսվեց մեզ հետ High Fest-ի նախագահ Արթուր Ղուկասյանը։

Նա նշեց , որ չնայած փառատոնը թվով տասներորդն էր ու հոբելյանականը, բայց ինքը տոնական տրամադրություն չուներ։ «Դա նույնիսկ լավ է, աշխատանքային տրամադրությունն ու ակտիվ գործելու ցանկությունը պահպանվում է։ Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ փառատոնի արդյունքներից, քանի որ հիմնական նպատակն այն էր, որ մեր մասին խոսեն, կարեւոր չէ, թե ինչ, կարեւորն այն է, որ այլեւս չլինեն զարմացած հարցեր. «High Fest, իսկ դա ի՞նչ է», եւ դա մեզ հաջողվում է»,- հավելեց Ղուկասյանը։



© NEWS.am STYLE