Արմավիրի ՔԿՀ-ում բացվել է նկարիչ Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ)

11:32   11 դեկտեմբերի, 2014

Երեկ` դեկտեմբերի 10-ին, Արմավիրի ՔԿՀ-ում տեղի է ունեցել նկարիչ Սամվել Սաղաթելյանի «Սահմանային Իրականություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված մարդու իրավունքների օրվան։ Այս իրադարձությանը ներկա են եղել Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը եւ ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։

Բացմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարության Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի տնօրենը, Արմավիրի ՔԿՀ-ի ղեկավար անձնակազմը, Եվրոպական հանձնաժողովի եւ PH International- ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, նկարիչներ, Սամվել Սաղաթելյանի ընկերները, ինչպես նաեւ բանտարկյալներն ու նրանց ընտանիքի անդամները։

«Որեւէ ՔԿՀ-ում ցուցահանդես կազմակերպելու ցանկություն վաղուց կար։ Այդ հարցում ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել Ջոնի Քեշի համերգը ամերիկյան «Ֆոլսոմ» բանտում։ Կար նաև անձնական պատճառ՝ 1982թ․ անարդարացիորեն բանտարկվեց հայրս, և դա մեծ հարված էր մեր ընտանիքի համար։ Կարեւոր էր նաեւ այն հանգամանք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է։ Ես իհարկե, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ իրականացնել իմ ծրագիրը, որով ես ցանկանում եմ ցույց տալ, որ բանտի պատերի ներսում հայտնված մարդիկ նույնպես կարող են օգտագործել իրենց ռեսուրսները եւ ստեղծագործել։Նրանք ինձ հետ պատրաստել են «Կարտոֆիլե երջանկություն» ինստալացիան, ինչպես նաեւ ներկայացրել իրենց աշխատանքները։

Ծրագրի անվանումը լիովին համընկնում է իրականության հետ. ի վերջո, մենք «խախտել ենք» կարծրատիպերն ու սահմանները։ Ի դեպ, ցուցահանդեսը նաեւ բանտարկյալների համար իրենց ընտանիքի անդամներին հանդիպելու լավ հնավորություն էր»,- NEWS.am STYLE-ի թղթակցին ասել է Սամվել Սաղաթելյանը։

 

Եվա Նավասարդյան  



© NEWS.am STYLE