Ռոբ Քարդաշյանը կիսագուլպա է արտադրում (ֆոտո)

20:13   21 դեկտեմբերի, 2012

Քարդաշյանների ընտանիքի եւս մի ներկայացուցիչ է որոշել ներքաշվել նորաձեության արտադրության մեջ։ Հետեւելով քույրերի օրինակին՝ Ռոբը որոշել է թողարկել քրեատիվ… կիսագուլպաների հավաքածու Arthur George անվան տակ, որի բացառիկ վաճառքով զբաղվում է Neiman Marcus խանութը։

Հետաքրքիր է, որ կիսագուլպաների իր գիծն առաջ տանելու հարցում Ռոբը չի դավաճանում հայկական արմատներին։ Այս գործում երիտասարդին օգնում է Ջոնաթան անունով մի հայ։ «Ես էլ եմ հայ։ Ասեմ, որ հայերի մեջ վստահության որոշակի աստիճան կա։ Նա շատ վաղուց է այս գործում, եւ ես սովորում եմ նրանից»։

Ռոբ Քարդաշյանը Racked  -ին պատմել է, որ երկարէ մտածել իր գծին անուն տալու համար՝ հակված լինելով Just Socks -ին («Պարզապես կիսագուլպաներ»), իսկ հետո ընտրել է Arthur George –ը։ Քարդաշյանը նշել է, որ չի ցանկացել իր ազգանունն օգտագործել որպես բրենդ եւ չի ցանկանում, որ իր մարկան զուգորդեն իր քույրերի բրենդի հետ։

Ըստ Ռոբի, գուլպաները նրա կիրքն են։ «Ես շատ բծախնդիր եմ մանրուքների հարցում։ Հիմնականում սեւ եմ կրում, այդ պատճառով էլ վառ գույնի կիսագուլպաներն ինձ համար յուրատեսակ «հույզերի պայթյուն» է», - ասում է նա։

Պետք է նշել, որ Ռոբ Քարդաշյանի մեկ զույգ վառ կիսագուլպան արժե 30 դոլար։



© NEWS.am STYLE