Ամանորյա սեղանն ու կրծքի կաթը

17:32   21 դեկտեմբերի, 2012

Նոր տարին, իհարկե, փոքրիկ հրաշք է` փշատերեւ ծառեր, փայլեր, լույսեր, նվերներ ու հյուրեր։ Բայց lայկական իրականության մեջ նոր տարվա այս պատկերին զուգահեռ գլխի մեջ պտտվում է նաեւ ուտեստներից պայթող ամանորյա սեղանի պատկերը։ Իսկ ի՞նչ անել, եթե կրծքով կերակրում ես երեխային։ Կծու չի կարելի, ալկոհոլ՝ նույնպես, յուղոտն արգելված է, քաղցրը՝ միայն հոտոտել։ Իսկ դու այդ ամենը նաեւ պատրաստում ես, այսինքն՝ պատրաստիր, բայց նույնիսկ մի էլ համտեսի՞ր։

Երիտասարդ մայրեր, խորը շունչ քաշեք։ Գիտնականները մինչ օրս չեն ապացուցել մոր կերածի ու երեխայի վիճակի միջեւ եղած կապը։ Դա վերաբերվում է ցանկացած ուտելիքին, բացի ալերգեններից։ Այստեղ զգույշ եղեք։ Բանն այն է, որ եթե ձեր ամուսնու կամ ձեր ընտանիքում որեւ է մեկն ալերգիա ունի օրինակ՝ ցիտրուսներից, այն կարող է փոխանցվել փոքրիկին։ Այնպես որ, ամանորյա սեղանին զգուշացեք ալերգեններից. ձկնեղեն, ձու, ցիտրուսներ, ընդեղեն եւ այլն։ Ըստ կրծքով կերակրելու գծով վկայագրված խորհրդատու, «Շունչ» կենտրոնի ապագա մայրերի համար դասընթաներ վարող Մարինա Կիսինայի, ամանորյա սեղանից կարելի է ուտել, այն ամենը, ինչ օգտագործել եք հղի ժամանակ՝ երեխային արդեն չեք զարմացնի։ Պարզապես կերեք չափավոր, պետք չէ մի արկղ նարինջը կամ մի պարկ ընդեղենն ուտել միանգամից։

Երկրորդ լավ լուրը երիտասարդ մայրերի համար. ամանորը դիմավորելիս մի գավաթ շամպայն կարող եք խմել։ Եթե գավաթը միայն մեկը լինի, եւ միայն՝ շամպայնի, ամանորյա զարկերի տակ հանգիստ խղճով կարող եք մի երկու կում անել՝ դրանով ստիպելով երեխային զգալ ամանորյա խումհարի ողջ «ուրախությունը»։



© NEWS.am STYLE