Ինչպիսի՞ սանրվածք եւ մազերի գույն ընտրել Ամանորին. Խորհուրդներ մասնագետից (ֆոտո)

14:37   28 դեկտեմբերի, 2012

Ամանորյա հերթերը եւ եռուզեռը վաղուց հասել են վարսավիրանոցներ: Հատկապես աղջիկները եւ կանայք դեռեւս դեկտեմբերի սկզբին գրանցվել են վարսավիրանոցներում եւ արդեն հնարավոր չէ ազատ ժամ գտնել: Ամանորյա սանրվածքների եւ տենդենցների մասին զրուցեցինք «NN» գեղեցկության սրահի ոճաբան, վարսահարդար Աղավնի Ասլանյանի հետ: Նա NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կարճ վարսերին փոխարինելու են գալիս երկար, շերտավոր մազերը: Վարսահարդարը կարճահասակներին խորհուրդ չի տալիս ընտրել կարճ եւ շատ երկար կտրվածքներ` նշելով, որ պետք է ընտրել «միջին չափի» սանրվածքներ, իսկ բարձրահասակները կարող են իրենց թույլ տալ ունենալ թե կարճ եւ թե երկար վարսեր: Նորաձեւ են ճակատի վրա «էլեկտրապտուտակով ջարդած» թեք մազափնջերը (խոսքը челка-ների մասին է):

Գույների առումով շականագույն մազերին փոխարինելու են գալիս բրոնզագույնի երանգները: Ինչ վերաբերում է սանրվածքներին, ապա, Աղավնի Ասլանյանի խոսքով, խոնավ ու ձմեռային եղանակներին շատ նորաձեւ են «պոչի» տեսքով հյուսերը, որոնք խոնավ եղանակին երկար կդիմանան եւ չեն վնասվի:

Շատ նորաձեւ են նաեւ «եռանկյունաձեւ վացիլնի շիպցիները», այսինքն` եռանկյունաձեւ էլեկտրապտուտակով  մազերը փաթաթում են եւ ստացվում են գեղեցիկ ալիքներ:

Վարսահարդարը խորհուրդ է տալիս ամանորյա  կտրվածքը, մազերի գույնը եւ սանրվածքը համադրել կերպարի, հագուստի հետ: Ամանորի գիշերը, նրա խոսքով, կարելի է օգտագործել նաեւ 2013թ խորհրդանիշ օձի հետ առնչվող աքսեսուար.  որպեսզի «օձը ձեզ քաղցր աչքով նայի»: Օրինակ` կարելի է կաշվե ժապավեններ օգտագործել հյուսերի մեջ: «Եղեք բարի, ուրախ, միշտ ժպտացեք, եւ ճիշտ սանրվածքի ու դիմահարդարման համադրությամբ կատարյալ տեսք կունենանք»,- ասաց նա` խորհուրդ տալով իգական սեռի ներկայացուցիչներին Ամանորի եռուզեռի մեջ չմոռանալ գեղեցիկ տեսք ունենալու մասին, չէ՞ որ, ինչպես սկսես տարին, այնպես էլ կշարունակվի:

Ի դեպ, դեկտեմբերի 20-ից սկսվում է վարսավիրների համար «բուռն» շրջանը, իսկ դեկտեմբերի 30-31-ին վարսավիրանոցներում գները բարձրանում են: Օրինակ` մազ կտրել եւ ֆենելը արժենում է 3000-10 հազար դրամ, սանրվածքները` 10-15 հազար դրամ:

 Լուսանկարները` Աղավնի Ասլանյանի արխիվից



© NEWS.am STYLE