Ինչպե՞ս զարդարել տունը, տոնածառը եւ տոնական սեղանը. Խորհուրդներ դիզայներից

18:14   29 դեկտեմբերի, 2012

Արեւելյան հորոսկոպով օձի տարին սկսվում է փետրվարին, այնպես որ մի շտապեք Ամանորին հաճոյանալ օձին եւ ամեն ինչ հարմարացնել իր «քիմքին»: Սա է դիզայներ Գեւորգի Հարությունյանի խորհուրդը մեր բոլոր ընթերցողներին: Նրա հետ խոսեցինք տան, տոնածառի եւ սեղանի զարդարումից:

Այսպես, Գեւորգի Հարությունյանը տեղեկացրեց, որ այս տարի ամեն ինչ պետք է շքեղ, թանկարժեք տեսք ունենա: Տարվա գույներն են մուգ կապույտը եւ մուգ կարմիրի եւ բալի գունային համադրությունը, աքսեսուարների մեջ ամենաշատը օգտագործվում է թավիշը, գազարագույնի երանգներով տարբեր իրեր, ոսկեգույն եւ արծաթագույն կապիչներ, հնաոճ եւ փայտյա իրեր:

Տունը կարելի է զարդարել տարբեր կերպ` բավարարվել միայն տոնածառ զարդարելով,  տան ինչ-որ մի անկյուն կամ էլ ամբողջ տունը զարդարելով:

Աքսեսուարների մեջ շատ արդիական է գերբ, որեւէ նշան օգտագործելը, նորաձեւ են գործվածքները: Օրինակ` դիզայները առաջարկում է ընտանեկան գերբ ստեղծել, դա ամրացնել ասեղնագործված որեւէ կտորի վրա եւ կապել ոսկեգույն կամ արծաթագույն թելերով: Արդիական չէ պարզապես փուչիկներով եւ փայլերով տունը զարդարելը: Դիզայները առաջարկում է ոսկեգույն, արծաթագույն եւ բրոնզագույն փայլերը խառնել կապույտ եւ բորդո խաղալիքների հետ եւ «միքսված» վիճակով օգտագործել տան զարդարանքում:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա այս տարի նախընտրելի է միջին չափի մուգ կանաչ տոնածառը, ոչ մեծ, ոչ փոքր, որը կարող է դրված լինել հնաոճ սեղանի վրա: Տոնածառը կարելի է զարդարել` խաղալիքները պատելով թավիշով, ծայրերին կապելով ոսկեգույն բողբոջներ, քարեր, ասեղնագործություններ` նշաններով, օգտագործել ոսկեգույն պարաններ: Կարելի է հրաժարվել դասական տոնածառից եւ տոնածառ պատրաստել անձամբ` բարձերով, գրքերով, փայտերով եւ այլն: Օրինակ` դիզայները այդպես մուգ կապույտ բարձերով տոնածառ է պատրաստել` մեծից փոքր շարել է բարձերը, ոսկեգույն պարանով կապել, իսկ ծայրերին ամրացրել բողբոջներ, օգտագործել է նաեւ քարիկներ եւ փայլեր:

Տնային տնտեսուհիները ամանորյա տոնական սեղանները զարդարելիս եւս կարող են օգտագործել փայլեր եւ քարիկներ: Այս տարի նորաձեւ են մուգ գույնի սփռոցները, ոսկեգույն եւ արծաթագույն երանգներով անձեռոցիկները, կարելի է հատուկ օղակներ պատրաստել դրանց համար: Սեղանին պարտադիր պետք է լինեն մոմեր, ըստ որում` նախընտրելի են բարձր, ապակյա մոմակալի մեջ: Սպասքը եւս պետք է լինի ոսկեգույնի եւ արծաթագույնի երանգներում: 

Ամփոփելով` Գեւորգի Հարությունյանը բոլորին խորհուրդ է տալիս սեփական ճաշակով զարդարել ամեն ինչ, դրա մեջ հոգի դնել, միայն այդ դեպքում ամեն ինչ շատ գեղեցիկ կլինի:



© NEWS.am STYLE