13:47 9 փետրվարի, 2015Փետրվարի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր իտալացի հռչակավոր դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որը սկսվելուց մոտ երկու ժամ առաջ չեղյալ է հայտարարվել: Ըստ պաշտոնական տեղեկության` պատճառը դաշնակահարի վատառողջ լինելն էր, սակայն իրականում համերգի ձախողումն ուղեկցվել է սկանդալով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի բեմադրիչ Մարինա Սարգսյանը եւ Անտոնիո Կոնսալեսի մենեջեր Դավիթ Խաչատրյանը մանրամանսեր ներկայացրեցին կատարվածի վերաբերյալ:
Դավիթ Խաչատրյանի խոսքով`դեռեւս ամիսներ առաջ Անտոնիո Կոնսալեսը համերգ պետք է տար ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, սակայն համերգից մի քանի օր առաջ հանկարծամահ է լինում նրա մայրը, եւ համերգը հետաձգվում է: Որոշ ժամանակ անց որոշվում է նրա համերգը անցկացնել օպերային թատրոնում:
«Սկզբում ամեն ինչ շատ լավ էր: Անտոնիոն հիացած էր Հայաստանով եւ հայերի հյուրընկալությամբ: Ամբողջ խնդիրը դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ էր: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչով էր պայմանավորված նրա ատելությունը Անտոնիոյի հանդեպ»,-ասաց Դավիթ Խաչատրյանը` նշելով, որ Դուրգարյանն ու Անտոնիոն համերգից առաջ փորձ են կատարել, մշակել համերգի ընթացքը, իրար ձեռք սեղմել եւ իրարից հիացած` հրաժեշտ տվել, սակայն համերգից երկու ժամ առաջ Դուրգարյանը խնդրել է կրկին փորձ անել, եւ ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվել է:
Մարինա Սարգսյանի խոսքով` Անտոնիոն ընդամենը տասը րոպե ուշացել է փորձից, ինչը զայրացրել է Դուրգարյանին, եւ նա հայտարարել է, թե չի պատրաստվում անգամ հինգ րոպե սպասել դաշնակահարին:
Մարինայի խոսքով, երբ դաշնակահարը եկել է, Դուրգարյանի հետ բարձրացել են բեմ` փորձ անելու, եւ տասը րոպե անց դիրիժորը հայտարարել է, թե համերգը չի կայանալու:
Անտոնիո Կոնսալեսի խոսքով` փորձի ընթացքում Դուրգարյանը փոխել է երաժշտության տեմպը, եւ երբ Անտոնիոն ընդվզել է դրա դեմ, դիրիժորը որոշել է չեղյալ հայտարարել համերգը:
Մարինան եւ Դավիթն ասում են, որ Կոնսալեսը շոկային վիճակում էր, դողում էր եւ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, ուզում էր շուտ դուրս գալ թատրոնից: «Մենք ուղղակի փախցրեցինք նրան այդտեղից»,-նշեց Մարինա Սարգսյանը:
Մինչեւ օրս համերգի կազմակերպիչները չեն կարող ասել, թե որն էր Դուրգարյանի` դաշնակահարի հանդեպ նման վերաբերմունքի պատճառը, թեեւ կասկածում են, որ խնդիրն ավելի շատ իրենց, քան դաշնակահարի մեջ էր:
«Օպերային թատրոնում մի կաստա են ստեղծել, հիմնադրամ ունեն, համերգներ են կազմակերպում, եւ իրենք պարզապես չէին կարող հանդուրժել, որ նրանցից բացի ինչ-որ մեկը կարող է մակարդակով համերգ կազմակերպել, հյուրեր ընդունել` առանց գումար վատնելու»,-ասաց Մարինա Սարգսյանը` հավելելով, որ ո’չ իրենք, ո’չ էլ Անտոնիո Կոնսալեսը համերգից ֆինանսական ակնկալիքներ չեն ունեցել:
Հարցին, թե ինչպես է միջադեպին արձագանքել օպերային թատրոնի տնօրինությունը, համերգի կազմակերպիչներն ասացին` ոչ մի կերպ: «Ի՞նչ է, մշակույթի ոլորտում անպատժելիություն չկա՞, ի՞նչ վատ ոլորտ է, որ չլինի»,-ասաց Դավիթ Խաչատրյանը` հավելելով, որ եթե անգամ Լա Սկալայի տնօրենին նշանակեն օպերային թատրոնի տնօրեն, միեւնույն է` ոչինչ չի փոխվի:
Չնայած սկանդալին եւ չկայացած համերգին, Անտոնիո Կոնսալեսն, այնուամենայնիվ, հաջորդ երկու օրը վարպետության դաս է անցկացրել Չայկոսվսկու անվան երաժշտական դպրոցում եւ դրա սաներից մեկին պատրաստվում է իր հետ համերգի տանել Իտալիա:
Շուշան Շատիկյան